11 փետրվարի 2025 - 18:14 AMT
Արցախի ՄԻՊ․ Ի պատասխան ԱԺ նախագահի՝ կարելի է բերել փաստեր, բայց անիմաստ է, երբ գործ ունենք ստորության և ցինիզմի հետ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում, արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, նշել է, որ ի պատասխան կարելի է բերել պայքարի բազմաթիվ փաստեր, բայց այդ ամենն անիմաստ է, երբ գործ ունենք տիեզերական մակարդակի անբարոյականության, ստորության և ցինիզմի հետ:

Սիմոնյանը, պատասխանելով ացրախցի լրագրողի հարցին, թե ե՞րբ կարող է վերադառնալ իր հայրենիք, ասել է․ «Դուք դուրս եկաք Արցախից, որովհետև անվտանգ չէր, չնայած՝ կարելի էր մնալ և պայքարել, բայց դուք դուրս եկաք»։

Նա նշել է, որ միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ Freedom House-ը, փաստագրել են Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումները։

«Երբ Freedom House-ը ներկայացնում էր Արցախում էթնիկ զտման մասին անգլալեզու զեկույցը՝ փաստագրելով ադրբեջանական հանցագործությունները, քննարկման ժամանակ հարց տվեցի, թե ինչպես կարելի է անել, որ զեկույցը հասանելի լինի նաև հայ հանրությանը, որպեսզի մարդիկ ծանոթանան Արցախում կատարվածին, և ի վերջո վերանա այն անիմաստ հարցերի շարանը, թե ինչու չկռվեցիք, կարելի էր մնալ ու պայքարել և այլն:

Երևի միամտություն էր կարծել, թե զեկույցը կամ բազմաթիվ այլ փաստագրող նյութեր կարող են որևէ բան փոխել, քանի որ ատելության խոսք գեներացնող այդ թեզերը հրապարակ են նետվում քաղաքական իշխանության և նրանց սպասարկող լրատվամիջոցների կողմից, և դրա դեմ պայքարը ենթադրում է պայքար պետական քարոզչամեքենայի դեմ։

Ի պատասխան ԱԺ նախագահի՝ կարելի է բերել բազմաթիվ փաստեր, պայքարի և անձնազոհության բազմաթիվ դրվագներ, բայց այդ ամենն անիմաստ է, երբ գործ ունենք տիեզերական մակարդակի անբարոյականության, ստորության և ցինիզմի հետ»,–ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։