11 փետրվարի 2025 - 18:25 AMT
Ռուբինյան․ Ուզում էինք այնպես անել, որ ԼՂ-ում հայ մնար

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ելույթ ունենալով հայտարարությունների ժամին, դիմել է «Հայաստան» խմբակցության պատգամավորներին՝ ընդգծելով, որ նրանք հակված են բանավեճը տեղափոխելու պաթոսի հարթություն։

Նա նշել է, որ իրենց նպատակն է եղել ապահովել, որ ԼՂ-ում հայերը մնան, հայտնում է Radar.am-ը։

«Երբ մի ճանապարհը չէր աշխատում, փորձում էինք այլ ճանապարհ ընտրել․ եթե դա նշանակում էր նշաձողի իջեցում, պետք էր գնալ դրան։ Դուք ամբողջ ճանապարհին պաթոսային քաղաքականությամբ ու, ընդհանրապես, 004 շրջաբերականով, Արցախում իշխանություն փոխելու, հետո՝ Հայաստանում իշխանություն փոխելու անհագուրդ ցանկությամբ, բերեցիք նրան, ինչ ունենք․ իսկ ԼՂ-ում մենք ունենք զրո հայ»,–ասել է նա։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։