ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ–ն մտադիր է վերահսկողություն սահմանել Գազայի հատվածի վրա՝ առանց որևէ ֆինանսական գործարքի, հերքելով ավելի վաղ արված հայտարարությունները հնարավոր գնման վերաբերյալ։ Նա այդ մասին խոսել է Սպիտակ տանը Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հետ հանդիպման ժամանակ՝ կրկնելով իր ծրագիրը՝ Գազայի 2․1 միլիոն պաղեստինցիներին հարևան երկրներում վերաբնակեցնելու վերաբերյալ։
«Մենք կստանանք Գազան։ Այն գնելու կարիք չկա։ Գնելու բան չկա։ Մենք ունենալու ենք Գազան»,– ասել է Թրամփը՝ պատասխանելով իր նախկին հայտարարության վերաբերյալ հարցին, հայտնում է The Independent–ը։
«Մենք վերցնելու ենք այն, մենք պահելու ենք այն, մենք խնամելու ենք այն։ Վերջիվերջո այն զարգանալու է, և աշխատատեղեր են ստեղծվելու Մերձավոր Արևելքի ժողովրդի համար։ Դա լինելու է Մերձավոր Արևելքի ժողովրդի համար»,–ասել է նա։
Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Հորդանանը և Եգիպտոսը կարող են ընդունել Գազայից տեղահանված պաղեստինցիներին, սակայն երկու երկրներն էլ կտրականապես մերժել են այդ գաղափարը։ Նախագահը պնդել է, որ Գազայի բնակիչները կցանկանան հեռանալ՝ նշելով, որ նրանց ներկայիս կենսապայմանները անմարդկային են ավելի քան մեկ տարի շարունակվող պատերազմի հետևանքով, որը սկսվեց ՀԱՄԱՍ–ի հոկտեմբերի 7-ի հարձակման պատճառով։
«Տեսեք, թե ինչպես են նրանք ապրում հիմա։ Ամբողջ աշխարհում ոչ ոք այդպես չի ապրում։ Նրանք ապրում են շենքերի տակ, որոնք հիմնականում ավերակների են վերածվել և շարունակելու են փլվել, իսկ մարդիկ զոհվում են ամեն օր։ Պայմանները սարսափելի են։ Ամբողջ աշխարհում չկա մի վայր, որտեղ իրավիճակը ավելի վատ լինի, քան Գազայի հատվածում», — ասել է նա։
Թագավոր Աբդալլահը, որի երկիրը զգալի ֆինանսական օգնություն է ստանում ԱՄՆ-ից և որի բնակչության գրեթե կեսը պաղեստինյան ծագում ունի, բացահայտորեն չի մերժել Թրամփի պլանը։ Նա հաստատել է, որ ԱՄՆ նախագահը նախատեսում է արաբ առաջնորդներին հրավիրել Սպիտակ տուն՝ հարցը քննարկելու համար, իսկ հետագա հանդիպումները տեղի կունենան Սաուդյան Արաբիայում։
«Մենք լինելու ենք Սաուդյան Արաբիայում՝ քննարկելու, թե ինչպես կարող ենք աշխատել Նախագահի և ԱՄՆ-ի հետ։ Կարծում եմ՝ եկեք սպասենք, մինչև եգիպտացիները գան և ներկայացնեն այն նախագահին և չշտապենք մեզնից առաջ անցնել», — ասել է Աբդալլահը։
Երբ նրան հարց են ուղղել՝ արդյոք Հորդանանը պատրաստ է ընդունել ավելի շատ պաղեստինցի փախստականների, թագավորը խուսափել է ուղիղ պատասխանելուց՝ նշելով, որ պետք է հաշվի առնի իր երկրի շահերը։ Այնուամենայնիվ, նա հաստատել է, որ Հորդանանը կընդունի 2000 պաղեստինցի երեխայի բուժման նպատակով։
Ավելի վաղ Թրամփը հաստատել էր Գազայի հատվածից պաղեստինցիների վերաբնակեցման իր մտադրությունը՝ համեմատելով դա մեծ անշարժ գույքի ձեռքբերման հետ։ The Jerusalem Post-ը գրել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ջանքեր է գործադրում, որպեսզի ստանա Թրամփի առաջարկի աջակցությունն ամերիկյան կոնգրեսականների կողմից։ Նեթանյահուն փորձել է ստանալ նրանց աջակցությունը Վաշինգտոն կատարած այցի ընթացքում հանդիպումների ժամանակ։ Իսրայելի վարչապետի խորհրդականները, իրենց հերթին, ակտիվորեն համագործակցում են ամերիկյան ԶԼՄ-ների հետ՝ դրդելով նրանց քարոզել Գազայի հատվածի բնակիչների վերաբնակեցման գաղափարը, հայտնել են թերթի աղբյուրները։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան կտրականապես դեմ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին՝ պաղեստինցիներին Գազայից այլ երկրներ տեղափոխելու վերաբերյալ։ Նա այս պլանը համարել է «անմարդկային»։