ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Գեղամ Փաշիկյանի ղեկավարած պատվիրակությունը եղել է Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում, որտեղ ընթանում է «Համատեղ լուծում-2025» զորավարժությունը։
Այս տարի, բացի ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության դաշտային հոսպիտալից, առաջին անգամ զորավարժությանը ներգրավվել է նաև ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ գումարտակի ստորաբաժանումը։ Այն զորավարժության շրջանակում իրականացնում է հատուկ կարևորության օբյեկտների պաշտպանություն, դիվերսիոն հետախուզական խմբերի հայտնաբերում և վնասազերծում, ինչպես նաև սցենարից բխող այլ գործողություններ։
Պատվիրակության անդամները ծանոթացել են անձնակազմի տեղակայման պայմաններին և հետևել զորավարժության ընթացքին։
ՊՆ ՌՈ պետի տեղակալ, գնդապետ Արթուր Ումրշատյանը շրջայց է կատարել ՌՈ ստորաբաժանման անձնակազմի ծառայության իրականացման տեղամասերով՝ գնահատելու նրանց գործողությունների ընթացքը։
Ամփոփիչ քննարկումների ընթացքում զորավարժության ղեկավարությունն ու ԱՄՆ գործընկերները բարձր են գնահատել ՊՆ ստորաբաժանումների պատրաստվածության մակարդակը և նրանց փոխգործակցության արդյունավետությունը։