12 փետրվարի 2025 - 18:11 AMT
Փաշինյան․ Պատրաստ ենք գնալ բոլոր փաստաթուղթ չտվողների հետևից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է շրջանառության հարկի բարձրացմանը և դրա հետևանքով առաջացած դժգոհություններին։

Անդրադառնալով այն դժգոհություններին, որ խոշոր բիզնեսները հաճախ չեն տրամադրում համապատասխան փաստաթղթեր՝ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը մտադիր է պարզել, թե ովքեր են այդ խախտողները։

«Մենք պատրաստ ենք գնալ բոլոր փաստաթուղթ չտվողների հետևից», - հայտարարել է վարչապետը, հայտնում է «Ազատությունը»։

Փաշինյանն ընդգծել է, որ վիճակագրության համաձայն՝ շրջանառության հարկ վճարողների 61.7%-ը հայտարարում է մինչև 10 միլիոն դրամի տարեկան շրջանառություն, ինչը ենթադրում է, որ նրանց օրական վաճառքը կազմում է մոտ 27 հազար դրամ։ Չնայած որ ինքն տնտեսագետ չէ, նա նշել է, որ գործընկերների հետ կատարած հաշվարկների արդյունքում պարզվել է, որ նման չափի բիզնեսները տնտեսագիտական տրամաբանությամբ պետք է գոյություն չունենային,

«Ինչքանո՞վ է սա ճիշտ... 1, 2, 3, 4, 5 տարի խնդրում ենք, ասում ենք՝ ժողովուրդ ջան, մենք հեղափոխություն ենք արել, որ նաև բոլորս մեր հարկային պարտավորություններն իրականացնենք», - ասել է Նիկոլ Փաշինյանը։

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ եթե պարզվի՝ իրենց հաշվարկներում սխալ կա, ապա կառավարությունը չի զլանա իր սխալն ընդունել։

Նոր օրենքի համաձայն՝ 2025 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկը կրկնապատկվել է՝ դառնալով 10% բոլոր այն տնտեսվարողների համար, որոնք չեն ներկայացնում ապրանքի ձեռքբերման փաստաթղթեր։ Սակայն պատշաճ փաստաթղթավորման դեպքում հարկը նվազում է՝ կազմելով շրջանառության ընդամենը 1%։ Օրենքը նաև պահանջում է գույքագրել առկա ապրանքը։

Այնուամենայնիվ, մանրածախ առևտրով զբաղվողները, որոնք մի քանի անգամ բողոքի ակցիաներ են կազմակերպել կառավարության շենքի դիմաց, պնդում են, որ օրենքը գործնականում լուրջ խնդիրներ է ստեղծում։ Նրանց խոսքով՝ չնայած թղթի վրա այն վատ չի թվում, սակայն իրական պայմաններում խոչընդոտներ կան, օրինակ՝ մարզերում գործող խանութները նույնիսկ ցանկության դեպքում չեն կարողանում ձեռք բերել անհրաժեշտ փաստաթղթերը։ Բացի այդ, հարկային բեռի կրկնապատկումը ծանր հետևանքներ է թողնում բիզնեսի վրա։