Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ճեպազրույցին, որտեղ վերջինս, ըստ նրա, «իրեն թույլ է տվել խոսել բարոյականության ու սրիկայության մասին՝ իր անունը հիշատակելով»։
Քոչարյանն, արձագանքելով Սիմոնյանի այն խոսքերին, որ արցախցիները պետք է մնային և կռվեին, ասել է, որ իշխանությունների «անբարոյականությունն ու սրիկայությունը սահմաններ չեն ճանաչում»։
«Իր խոսքը պնդեցնելու համար մի հատ էլ հղում է անում տանջված ղարաբաղցի ժողովրդի վրա ու հետն էլ ասում, որ դե կարող է մարդիկ կան, ովքեր Հյուսիսայինում տուն ունեն», – գրել է Սիմոնյանը Տելեգրամի իր ալիքում։
Նա հավելել է, որ Լևոն Քոչարյանն ու նրա հայրը կապ չունեն Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդի հետ, քանի որ նրանցից «ոչ մեկը ոչ Արցախում, ոչ էլ Հայաստանում երբևէ չի ընտրվել»։
«Կամ, որ այդքան սրտացավ ես, բա բիզնեսները, տները, Հյուսիսայինի տները, խանութները, բջջային հեռախոսները կամ մեքենաների սալոնները ու բանբոներկա հյուրանոցները ինչի՞ Ղարաբաղում չէին կառուցվում, բայց էս թեման շատ չեմ ուզում շարունակել», – նշել է նա։
ԱԺ նախագահի կարծիքով՝ Լևոն Քոչարյանն իրականում քաղաքականության հետ կապ չունի։
«Դու ԱԺ-ում ես մի բանի համար. եկել եք նախկինում արածը քաղաքական անձրևանոցի տակ պատսպարելու նպատակով: Ձեզ համար հայ մարդը ուր էլ լինի՝ միևնույնն է», – հավելել է Սիմոնյանը։
«Բայց դու մոռացիր էս սաղ թեմաները և կենտրոնացի և մտածիր Մեղրին Ալիևին տալու շուրջ հորդ շարունակական բանակցությունների մասին, բանակցությունների, ուր ոչ միայն Հայաստանի Սյունիքի մի մասն էիք բանակցում Ադրբեջանին հանձնելու մասին, այլ նաև Ղարաբաղի մի մասը, Սահմանադրությամբ ամրագրված մի մասը հանձնելու մասին: Ու էն մանկապարտեզի արդարացումները և կոկորդիլոսի արցունքները, թե, բա այնտեղ չկա չէ՞, որ Քոչարյանը ինչ է ասել անընդհատ կրկնի, բայց հիշի, որ դրա մասին կա ոչ միայն այս մեծ ռեպորտաժը, կա նաև Վազգեն Սարգսյանի՝ Մեղրիում հայտնի ելույթը հոկտեմբերի 27-ից օրեր առաջ, հետո հիշի, որ կան տիկին Ռիմա Դեմիրճյանի հուշերը, և «Մեղրիի տարհանման պլան» և շարունակաբար արդարացի, արդարացի, կարմրի ու արդարացի, արդարացի ու կարմրի ու հետո էլի արդարացի:
Ասում են` Պիղատոսը, ով Հիսուսին ուղարկեց խաչին գամվելու, հետո դուրս եկավ մարդկանց մոտ և հրապարակային լվաց ձեռքերը, ասաց, որ նրա արյունը իր ձեռքերի վրա չէ, այլ հրեա ժողովրդի, ու հիմա նրա պատիժը դժոխքում այն է, որ նա անընդհատ լվանում է իր ձեռքերը ու անընդհատ արյուն է հոսում: Դուք պետք է անընդհատ արդարանաք ու անընդհատ թե՛ Հայաստանի, թե՛ Ղարաբաղի ժողովրդից ներողություն խնդրեք, այլ ճակատագիր չունեք»,–գրել է Սիմոնյանը։
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը կտրականապես հերքել է մեղադրանքները, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բանակցել է Մեղրին Արցախի հետ փոխանակելու վերաբերյալ, հայտնում է «Փաստինֆոն»։
«Գլուխները պատին են տալիս», – ասել է նա՝ արձագանքելով այդ հայտարարություններին։
Նրա խոսքով՝ իրականությունն այն է, որ նման առաջարկ եղել է բացառապես Հեյդար Ալիևի կողմից, ինչից հետո այն քննարկվել է Մինսկի խմբի համանախագահների մակարդակով։
«Իրականությունն այն է, ինչ ասվել է բազմաթիվ անգամներ, նման առաջարկ եղել է Հեյդար Ալիևի կողմից ու արդյունքում ձևավորվել է Մինսկի խմբի համանախագահների կողմից, որտեղ խոսք է գնացել Արցախի միացմանը Հայաստանին, դրա դիմաց Ադրբեջանը ստանում էր ճանապարհ, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ։ Անգամ նշված է, որ ոչ ճանապարհը ընդերքը, ոչ վրայի հողը, որ էլ տարածքը Ադրբեջանին չի պատկանում», – հայտարարել է Քոչարյանը։
Նա ընդգծել է, որ այժմ, երբ Արցախը հանձնվել է, ներկայիս իշխանությունը Մեղրիի թեման արհեստականորեն առաջ է բերում։
Ավելի վաղ Սիմոնյանը, պատասխանելով ացրախցի լրագրողի հարցին, թե ե՞րբ կարող է վերադառնալ իր հայրենիք, ասել է․ «Դուք դուրս եկաք Արցախից, որովհետև անվտանգ չէր, չնայած՝ կարելի էր մնալ և պայքարել, բայց դուք դուրս եկաք»։ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը պահանջում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանից հրապարակային ներողություն խնդրել բռնի տեղահանված արցախցիներից և ձեռնպահ մնալ արցախահայության պայքարը և հայրենիքի պաշտպանությունը նսեմացնող որևէ գնահատականից: