13 փետրվարի 2025 - 12:12 AMT
Նախարար․ Ձգտելու ենք ապահովել 6 և ավելի տոկոս տնտեսական աճ

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը 2025-ին նպատակադրել է ապահովել առնվազն 6% տնտեսական աճ, ինչը գերազանցում է բյուջեի հիմքում դրված 5.1%-անոց կանխատեսումը։ Այդ մասին ասել է նախարար Գևորգ Պապոյանը, հայտնում է Արմենպրեսը։

2024-ի ՀՆԱ-ի վերջնական ցուցանիշները դեռ ամփոփված չեն, սակայն 9 ամսվա տվյալներով տնտեսական աճը կազմել է 6%։

«Մենք վերջին եռամսյակում, հատկապես դեկտեմբերին, արձանագրել ենք սպասվածից բարձր արդյունքներ։ 2023-ի նոյեմբեր-դեկտեմբերին ոսկու արտահանման և վերաարտահանման ծավալները հասել էին իրենց առավելագույնին, ինչի համատեքստում աճ գրանցելը շատերին անհավանական էր թվում։ Սակայն դեկտեմբերին տնտեսական ակտիվության 4.7% աճ արձանագրվեց, և տարին փակեցինք 8% տնտեսական ակտիվությամբ»,- նշել է նախարարը։

Նրա գնահատմամբ՝ 2024-ին ՀՆԱ-ն կանցնի 10 տրիլիոն դրամի սահմանը և կհասնի 10 տրլն 200 մլրդ-ի։

«Մենք կանխատեսում ենք 6% աճ 2024-ի արդյունքներով, ինչը բարձր է տարեվերջին պլանավորվածից»,- ընդգծել է Պապոյանը։

2025-ի բյուջեի նախագծում տնտեսական աճի կանխատեսումը սահմանվել էր 5.1%, սակայն Էկոնոմիկայի նախարարությունն իր առջև դրել է ավելի բարձր՝ 6% և ավելի տնտեսական աճի թիրախ։

«Մենք երբեք չենք բավարարվել միայն կանխատեսված թվերով։ Վերջին տարիներին մենք միշտ կարողացել ենք ապահովել սպասվածից բարձր տնտեսական աճ։ 2025-ին նույնպես ձգտելու ենք գերազանցել կանխատեսումները՝ գերազանցելով Ֆինանսների նախարարության, Կենտրոնական բանկի և միջազգային գործընկերների հաշվարկները»,- ընդգծել է նախարարը։

Տնտեսության կառուցվածքի վերաբերյալ նախարարն ակնկալում է, որ 2025-ին շինարարության ոլորտը կշարունակի մնալ առաջնային դիրքում՝ մոտ 6.2% աճով։ Չնայած եկամտային հարկի վերադարձի ծրագրի դադարեցման ազդեցությանը, շինարարության ծավալները կմնան բարձր։ Արդյունաբերության և ծառայությունների ոլորտում ևս սպասվում է 5.2% աճ։

«Սա նշանակում է, որ մենք որակական աճի փուլ ենք թևակոխում, քանի որ արդյունաբերությունն ու ծառայությունները հիմնականում արտահանելի հատվածներ են»,- նշել է Պապոյանը։

Տնտեսության երկարաժամկետ կայունությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է խուսափել մեկ կամ երկու ոլորտների վրա կենտրոնացումից։

«Ավելի լավ է ունենալ կայուն տնտեսական աճ՝ միջինում 5%, քան մեկ տարի արձանագրել 15%, իսկ հաջորդ տարի չունենալ աճ»,- ընդգծել է նախարարը։

Խոսելով արտահանման կառուցվածքի մասին՝ Պապոյանը նշել է, որ ոսկու վերաարտահանումը զգալի ազդեցություն է ունեցել 2023-ի ցուցանիշների վրա, սակայն 2024-ին առանց ոսկու արտահանման ցուցանիշներն ավելի բարձր են եղել, քան 2023-ին։

«Ոսկու գործոնի բացառմամբ՝ արտահանման ծավալը կազմել է 7 մլրդ դոլար»,–ասել է նա։

Նրա կանխատեսմամբ՝ 2025-ին ընդհանուր արտահանման թվերը կարող են նվազել, սակայն հիմնականում ոսկու վերաարտահանման անկման հետևանքով։ Նախարարը վստահեցրել է, որ Հայաստանի տնտեսությունը երբեք չի հիմնվել միայն այդ գործոնի վրա, և դրա ազդեցությունը ՀՆԱ-ի աճի վրա սահմանափակ է։

ԵԱՏՄ-ից դուրս գալու և ԵՄ-ին ինտեգրվելու շուրջ հարցերին անդրադառնալով՝ Պապոյանը նշել է. «Բուն համատեղումը բարդ է պատկերացնել։ Նման մեխանիզմ չեմ կարծում, որ գոյություն ունի։ Մեր օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա, և մենք շարունակում ենք ակտիվորեն աշխատել այդ կառույցում»։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը չէր կարող անտեսել ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնությունը, որը ներկայացվել է Ազգային ժողով։ «Սակայն դա այլ գործընթաց է, որը կարճաժամկետ կամ միջնաժամկետ հեռանկարում ներկա իրողությունների հետ չի հատվում»,- նշել է նա։

Պապոյանը հիշեցրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է. «ՀՀ-ն պատրաստ է մոտ լինել ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն հարկ կհամարի»։ Նախարարը նշել է, որ Հայաստանը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր ԵՄ շուկայի պահանջներին համապատասխանելու համար։ «2024-ի վերջին արդեն լաբորատորիա է բացվել, իսկ 2025-ի առաջին կեսին կստեղծվեն լրացուցիչ կարողություններ»։

Նա հավելել է, որ տնտեսության արդիականացման գործընթացն ընթանում է մեծ տեմպերով, և հայկական ընկերություններն աստիճանաբար անցնում են ժամանակակից տեխնոլոգիաների։

«Հիմնական նպատակը տնտեսապես բարդ ապրանքների արտադրության զարգացումն է, որպեսզի Հայաստանը հումքային արտահանող երկրից վերածվի բարձրարժեք արտադրանքներ արտադրող երկրի»,- նշել է Պապոյանը։

Նախարարը խոսել է նաև Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի և դրա հնարավոր տնտեսական ազդեցությունների մասին։