13 փետրվարի 2025 - 15:48 AMT
Տնտեսվարող․ Հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում

Երևանում ոսկու վաճառքով զբաղվող տնտեսվարողները կրկին հավաքվել են կառավարության շենքի մոտ՝ իրենց դժգոհությունը հայտնելու Հարկային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունների կապակցությամբ։

«Ասում են՝ կուզեք աշխատեք, չեք ուզի՝ մի աշխատեք։ Այդ քաղաքականությունը վարում էին միշտ։ Ինչո՞ւ մերժեցինք նախորդ իշխանություններին։ Իրենց մոտ հարց չի՞ առաջանում։

Որպեսզի հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում, որ երկիր ուզում են, գնում են ընտանիքներով, անսահման պարգևավճարներ են տալիս։ Ինչի՞ հաշվին։ Եթե մարդ չի ունենում ֆինանսական եկամուտներ, իրեն մաքսիմում մեղմ է պահում, որպեսզի կարողանա տնտեսի իր ունեցածը։ Իսկ մենք դա չենք տեսնում»,- ասել է տնտեսվարողներից մեկը, հայտնում է Panorama.am-ը։

Մեկ այլ տնտեսավորղ ասել է, որ առևտրի ոլորտում չափազանց վատ վիճակ է՝ եթե լինում է առևտուր, ամառվա 1-2 ամսվա ընթացքում։

«25 տարուց ավելի ոսկու առևտրով ենք զբաղվում։ Ամեն տարի պակասում են գնորդները։ Ոչ մեկ առևտուր չի անում։ Ի՞նչ անենք։ Եղածն էլ փակե՞նք, ճամպրուկները հավաքե՞նք։ Դա՞ է իրենց ուզածը։ Դա չի լինելու։ Կան մարդիկ, ովքեր, իրոք, սիրում են այս երկիրը, ուզում են ապրել այս երկրում»,- ասել է տնտեսվարողներից մեկը։

Բողոքողներն ընդգծում են, որ փոփոխություններն իրականացվել են առանց իրենց հետ որևէ քննարկման կամ կարծիքը հաշվի առնելու։

«Եկել ենք պահանջելու, ստիպելու ու արտադրելու, որ վերջին հարկային փոփոխությունները չեղարկեն»,- կառավարության մոտ բողոքի ակցիայի ընթացքում հայտարարել է տնտեսվարողներից մեկը, գրում է Panorama.am-ը։

Նրանք ընդգծում են, որ իշխանությունները փորձում են պետական բյուջեն համալրել ժողովրդի հաշվին՝ բարձրացնելով իրենց աշխատավարձերը և ապահովելով շքեղ կենցաղ։

«Ծոծրակներդ կտեսնեք առանց հայելու օգնությամբ, բաց այս ժողովրդին չոքած չեք տեսնի, ձեր ծոծրակներդ կտեսնենք, ձեր քաղաքականությունը հանդուրժող ժողովուրդ չեք տեսնի։ Ժամանակն է եկել»,- հայտարարել է ակցիայի մասնակից տնտեսվարողներից մեկը։