ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին՝ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմությանը վերագրված մեղադրանքների հետ։ Այս մասին նա հայտնել է ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ընթացքում, հայտնում է Sputnik Արմենիան։
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացահայտ մեղադրել էր ընդդիմությանը՝ պնդելով, որ նրանք են կազմակերպել Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգելու տեսանյութի բեմականացումը։ Վարչապետը նշել էր, որ չի զարմանա, եթե պարզվի, որ հենց ընդդիմության շրջանակներում է որոշում կայացվել վճարել Իրանի քաղաքացիներին, բերել նրանց հրապարակ, երգել տալ, նկարահանել ու տարածել համացանցում՝ նպատակ ունենալով վնասել հայ-իրանական հարաբերություններին։
Փաշինյանն իր ելույթում նաև մեղադրել էր ընդդիմությանը՝ հայտարարելով, որ նրանք «մայակներ»-ներ են պահում Հայաստանի տարածքում՝ հարվածների համար թիրախներ ցույց տալու նպատակով, և իրենց գործունեությամբ ՀՀ-ն խոցելու լեգիտիմություն են ստեղծում։
Այս մեղադրանքներին արձագանքելով՝ Գեղամ Մանուկյանը հայտարարել է, որ ԱԱԾ-ն պետք է ուսումնասիրի վարչապետի խոսքերը, քանի որ նման հայտարարություններն անպատասխան չպետք է մնան։
«Տեսնենք՝ ով է ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ արել և անում, ով է օտար երկրների բառապաշարը Հայաստանում օգտագործում և ով է աշխատում հայ ժողովրդի դեմ»,- նշել է Մանուկյանը։
Հունվարի 30-ին համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են մի խումբ մարդիկ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգում Ղարաբաղի մասին։ Տեսանյութն առաջացրել էր լայն արձագանք։ Հաջորդ օրը ԱԱԾ-ն հայտնել էր, որ երգողները Իրանի քաղաքացիներ են։ Տեսանյութը տարածած Ղարիբ Բաբայանը փետրվարի 1-ին ձերբակալվել էր, սակայն դատարանը մերժել էր նրա կալանավորման միջնորդությունը։