13 փետրվարի 2025 - 17:33 AMT
ԿԳՄՍՆ-ն դիմել է «Դոպինգ Սփեյսին»՝ Սնուպ Դոգին վճարված հոնորարը վերադարձնելու հարցով

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է «Դոպինգ Սփեյս» ընկերությանը՝ Սնուպ Դոգին վճարված հոնորարը վերադարձնելու համար, պատասխան առայժմ չկա։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Դիմել ենք կազմակերպությանը համապատասխան պահանջով, այս պահին սպասում ենք կազմակերպության կողմից գործողություններին։ Դեռևս այդ գործընթացում ենք, ինքներս կիրազեկենք, հենց որ անցնենք հաջորդ փուլ»,- ասել է նախարարը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա հավելել է, որ կնքված պայմանագրի դրույթներն ամբողջությամբ հստակ են, և դրանք նախատեսում են ամբողջ գումարի վերադարձ։

Մրցակցության պետական հանձնաժողովը փետրվարի 12-ին հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ որոշում է կայացվել կարճել ԿԳՄՍՆ-ի վերաբերյալ հարուցված վարույթը՝ «Դոպինգ Սփեյս» ընկերությանն առերևույթ արգելված պետական օժանդակության տրամադրման առնչությամբ։

ՄՊՀ–ի որոշումից նաև տեղեկանում ենք, որ Սնուպ Դոգի հետ բանակցությունների արդյունքում արտիստը համաձայնել է «Դոպինգ Սփեյս»-ին վերադարձնել վճարված ամբողջ հոնորարը այն դեպքում, երբ կնքված պայմանագրի համաձայն՝ համերգը չեղարկելու դեպքում վճարված գումարների վերադարձ նախատեսված չէր։ ՄՊՀ-ն նաև հայտնել է, որ «Դոպինգ Սփեյսը» գնորդներին և արտերկրում տոմսերի վաճառքով զբաղվող գործընկերներին վերադարձրել է որոշակի գումար, տոմսերի մի մասի գումարն էլ վերադարձման գործընթացում է։

ՀՀ կառավարության 2023 թ. օգոստոսի 11–ի որոշմամբ` «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակում Սնուպ Դոգի հայաստանյան համերգը կազմակերպելու նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը տրամադրվել էր 2 մլրդ 318 մլն 596 800 դրամ։ ԿԳՄՍՆ-ի և ընկերության միջև կնքված պայմանագրով գումարը տրամադրվել էր դրամաշնորհի տեսքով։ Ռեփերի հոնորարը կազմում է 1․8 մլն դոլար։