13 փետրվարի 2025 - 18:13 AMT
ՀՀ բուժհաստատություններում ֆլյուորոգրաֆիկ հետազոտություն այլևս չեն անի

Կառավարության նիստում ընդունված որոշման համաձայն՝ Հայաստանի հիվանդանոցներն ու պոլիկլինիկաները կդադարեն իրականացնել ֆլյուորոգրաֆիկ հետազոտություններ, իսկ համապատասխան սարքավորումները դուրս կգան շահագործումից։

Այս քայլն իրականացվել է՝ հաշվի առնելով առողջապահության նախարարության եզրակացությունը, համաձայն որի՝ ֆլյուորոգրաֆիան այլևս չի համապատասխանում բժշկագիտության ներկայիս պահանջներին, հայտնում է Sputnik Արմենիան։

Այս հետազոտության ախտորոշիչ արդյունավետությունը համարվում է ցածր, քանի որ որոշ հիվանդությունների հայտնաբերման համար անհրաժեշտություն է առաջանում կիրառել լրացուցիչ ռենտգենաբանական կամ ճառագայթային այլ հետազոտություններ, օրինակ՝ թվային ռենտգեն կամ համակարգչային տոմոգրաֆիա։

Բացի այդ, տեխնոլոգիաների առաջընթացի շնորհիվ թվային ռենտգեն սարքերի առաջացրած ճառագայթային ծանրաբեռնվածությունը զգալիորեն նվազել է՝ հասնելով ֆլյուորոգրաֆ սարքերի մակարդակին։ Նույնը վերաբերում է նաև համակարգչային տոմոգրաֆիային։