Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր երկիրը չի ընդունի որևէ խաղաղության պայմանագիր, որը կկազմվի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի կողմից առանց Ուկրաինայի անմիջական մասնակցության։ Նրա հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են պատերազմի ավարտի հնարավորությունը։
«Մենք չենք կարող դա ընդունել որպես անկախ երկիր», – ընդգծել է Զելենսկին, գրում է BBC-ն։
Թրամփը, ով Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո խաղաղության հնարավորությունը բնութագրել է որպես «լավ հնարավորություն», նաև նշել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «ոչ իրատեսական» է, իսկ երկրի՝ նախքան ներխուժումը գոյություն ունեցող սահմաններին վերադառնալը՝ «անհավանական»։
Թրամփն ասել է, որ ռուս պաշտոնյաները փետրվարի 14–ին Մյունխենում հանդիպելու են ամերիկացիների հետ՝ անվտանգության համաժողովի շրջանակում։
«Ուկրաինան նույնպես հրավիրված է, ի դեպ։ Չգիտեմ, թե որ երկրից ովքեր կլինեն, բայց Ռուսաստանից, Ուկրաինայից և Միացյալ Նահանգներից բարձր մակարդակի պաշտոնյաներ են լինելու։ Ես կցանկանայի, որ նրանք [ռուսները] վերադառնային։ Կարծում եմ՝ սխալ էր նրանց դուրս մղելը։ Հարցը նրանում չէ՝ սիրում ենք Ռուսաստանը, թե ոչ»,–ասել է Թրամփը։
Երբ հարցրել են՝ արդյոք վստահո՞ւմ է Պուտինին, Թրամփը պատասխանել է․ «Հավատում եմ, որ նա ցանկանում է ինչ-որ բան տեղի ունենա։ Այս հարցում վստահում եմ նրան», հայտնում է Reuters-ը։
Ռուսաստանը, որը պաշտոնապես չի մասնակցում տարեկան անվտանգության համաժողովին, անմիջապես չի արձագանքել Թրամփի հայտարարությանը։ Մինչդեռ Զելենսկու խորհրդական Դմիտրի Լիտվինը հերքել է, որ Ուկրաինան պլանավորում է բանակցություններ վարել ռուսների հետ Մյունխենում՝ նշելով, որ այդպիսի քննարկումներ «չեն նախատեսվում»։
Զելենսկին Մյունխենում կհանդիպի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։
Նշվում է, որ երեք տարի շարունակվող պատերազմի հետևանքով ուկրաինացիներից շատերն արդեն հոգնել են և պատրաստ են որոշակի զիջումների հանուն խաղաղության։ Բացի այդ, որոշ ուկրաինացիներ հիասթափված են Ջո Բայդենի վարչակազմի քաղաքականությունից։ Չնայած նա խոստացել էր աջակցել Ուկրաինային իր տարածքների ամբողջական վերականգնման հարցում, ռազմական օգնության ուշացումները թույլ տվեցին ռուսական ուժերին վերախմբավորվել։
Թրամփի մոտեցումը, առնվազն, ավելի թափանցիկ է ԱՄՆ-ի աջակցության սահմանափակումների վերաբերյալ, նշել է Կիևի տնտեսագիտության դպրոցի նախագահ Տիմոֆի Միլովանովը։
Մինչդեռ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության հաստատումը չպետք է լինի «կապիտուլյացիայի» գնով, քանի որ նման զարգացումը վտանգավոր կլինի ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ միջազգային հանրության, այդ թվում՝ ԱՄՆ-ի համար, հայտնում է France24-ը։
«Միակ հարցն այս պահին այն է, թե արդյոք նախագահ Պուտինը իսկապես, կայուն և հուսալիորեն պատրաստ է հրադադարի համաձայնության։ Դրանից հետո արդեն ուկրաինացիների գործն է բանակցել Ռուսաստանի հետ», — ասել է Մակրոնը՝ ելույթ ունենալով Ելիսեյան պալատում։
Մակրոնը պնդել է, որ միայն Զելենսկին կարող է բանակցել Ուկրաինայի անունից՝ նշելով. «Կապիտուլյացիայի վրա հիմնված խաղաղությունը վատ լուր կլինի բոլորի համար»։
Մակրոնը նշել է, որ Թրամփը ստեղծել է «հնարավորությունների պատուհան»՝ բանակցությունների համար, սակայն ընդգծել է, որ «յուրաքանչյուրն իր դերը պետք է խաղա»։ Նա ընդգծել է, որ մինչ Զելենսկին պետք է որոշի Ուկրաինայի տարածքային և ինքնիշխանության հարցերը, միջազգային հանրությունը, հատկապես Եվրոպան, պետք է դեր ստանձնի տարածաշրջանի անվտանգության երկարաժամկետ երաշխիքների հարցում։
Financial Times-ը հավելել է, որ Մակրոնը Թրամփի քաղաքական վերադարձը դիտարկում է որպես վճռորոշ պահ, որը պետք է ստիպի Եվրոպային ստանձնել սեփական անվտանգության և Ուկրաինայի ապագայի ապահովման պարտականությունը։
Թրամփը, ով իրականացրել է Սպիտակ տան և Պուտինի միջև 2022 թվականին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ի վեր առաջին պաշտոնապես հաստատված զանգը, նշել է, որ Պուտինի հետ կհանդիպի Սաուդյան Արաբիայում, սակայն այլ մանրամասներ չի հայտնել։ Թրամփը պնդել է, որ Պուտինը ցանկանում է պատերազմն ավարտել և կանխատեսել է հրադադար մոտ ապագայում։ Երբ նրան հարցրել են՝ արդյոք Ուկրաինան հավասար դեր ունի խաղաղ գործընթացում, նա պատասխանել է. «Նրանք պետք է խաղաղություն հաստատեն»։