Տարեսկզբից մինչ օրս վաճառվել է հասարակական տրանսպորտից օգտվելու 112,518 փաթեթ։ Այդ մասին հայտնել են «Թել-Սել»-ից, տեղեկացնում է Factor.am-ը։
Վաճառված 112 հազար փաթեթներից 37,900-ը երկարաժամկետ են՝ ամսական, եռամսյակային և տարեկան։ Դրանցից 18,600-ը տրամադրվել է անվճար։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Երևանում, 2025 թվականի դրությամբ, բնակվում է 1 միլիոն 141 հազար մարդ։
Փետրվարի 11–ին Երևանի ավագանին մերժել է ընդդիմության առաջարկը, որով նախատեսվում էր պահպանել մեկանգամյա 100 դրամ արժողությամբ տրանսպորտային ուղեվարձը։
Փետրվարի 1-ից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև երիտասարդական շարժումներ պայքարում են տրանսպորտի թանկացման դեմ՝ մարդկանց հորդորելով վճարել հարյուր դրամ։
Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։ Հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերած 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն: