14 փետրվարի 2025 - 15:29 AMT
Փաշինյան․ APRI Armenia-ի՝ Մյունխենում կազմակերպած քննարկումը կարևոր էր ու հետաքրքիր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացած նախաճաշ-կլոր սեղանին, որը կազմակերպել են Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտը` APRI Armenia-ն և Observer Research Foundation-ը։ Քննարկումը նվիրված էր «Մինիլատերալիզմը և անցումը գլոբալ դաշինքներից թիրախային գործընկերությունների» թեմային։

Նա ֆեյսբուքի իր էջում գրել է, որ APRI Armenia-ի՝ Մյունխենում կազմակերպած քննարկումը եղել է կարևոր և հետաքրքիր։

Միջոցառման ընթացքում անդրադարձ է եղել ժամանակակից անվտանգային միջավայրի փոփոխություններին, ինչպես նաև մեծ դաշինքների արդյունավետությանն ու փոքր ձևաչափերով համագործակցության դերին։ Քննարկումը շարունակվել է փակ ձևաչափով։

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի վարած քաղաքականության սկզբունքները, որոնք ուղղված են արտաքին քաղաքականության բալանսավորմանն ու ամրապնդմանը։ Նա ընդգծել է, որ երկրի անվտանգության և կայուն զարգացման համար կարևոր է ճկուն, սակայն կանխատեսելի և վստահելի գործընկերությունների ձևավորումը։

Վարչապետն առանձնացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակները, որոնք միտված են երկրի անվտանգության ու տնտեսական զարգացման ամրապնդմանը՝ միջազգային գործընկերների հետ կառուցողական համագործակցության միջոցով։ Փաշինյանը նաև անդրադարձել է ՀՀ կառավարության առաջնահերթություններին՝ ներառյալ տարածաշրջանային խաղաղության հաստատմանն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։

Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: