23 մայիսի 2009 - 13:38 AMT
Ռոստովի մարզում նշել են հայկական գյուղական ավանների հիմնադրման 230-ամյակը
Մայիսի 18-21 Ռոստովի մարզում նշել են հայկական գյուղական ավանների հիմնադրման 230-ամյակը: Ներկայումս Ղրիմի հայերի հիմնադրած Չալտիր, Ղրիմ, Բոլշիե Սալի, Սուլթան-Սալի եւ Նեսվետայ գյուղերը մտնում են Ռոստովի մարզի Մյասնիկովսկու շրջանի կազմի մեջ: Մայիսի 21-ին Սուրբ Համբարձում եկեղեցում, որը փլատակներից կրկին կանգնեցվեց 140 տարի առաջ եւ վերակառուցվեց վերջին տարիներին, օծվեց նոր աղոթարանն ու մկրտության ավազանը, ինչպես նաեւ մատուցվել է պատարագ:

Տոնակատարությունից մի քանի օր առաջ, ըստ ավանդության, Սուրբ Համբարձում եկեղեցու մոտ ցանվել են «Չալտիրկա» տեսակի ցորենի սերմեր, որոնք ծլելով, պատկերում են 230 թիվը: Հանդիսավոր միջոցառումներին մասնակցել են Ռոստովի եւ Նոր Նախիջեւանի բոլոր թեմերի սպասավորները:

Հյուրերն ու մասնակիցները այցելել են նաեւ Մյասնիկովսկու շրջանի պատմաազգագրական թանգարանը, որի ցուցանմուշների օգնությամբ ծանոթացել են Դոնի մերձակայք հայերի վերաբնակեցման պատմությանը: Տոնակատարություններն ավարտվել են համերգով:

Տոնակատարությունների շրջանակներում տեղի ունեցավ ՀԱԵ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ եպիսկոպոս Եզրաս Ներսեսյանի հանդիպումը Ռոստովի մարզի նահանգապետ Վլադիմիր Չուբի հետ: Զրույցի ժամանակ Եզրասը նշել է մարզի բնակիչների եւ հայ համայնքի ջերմ փոխհարաբերությունները: Քննարկվել են Ռոստովի հին հայկական գերեզմանոցի պահպանման ու ռուս-հայկական բարեկամության թանգարանի շենքի վերանորոգման հարցերը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ գլխավոր հյուպատոսը Դաշնային Հարավային մարզում` Արարատ Գոմցյանը, Ռոստովի մարզի փոխնահանգապետ Ջիվան Վարդանյանը եւ այլոք, հաղորդում է «Երկրամաս» թերթը: