14 փետրվարի 2025 - 18:21 AMT
Զախարովա. Հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում ՌԴ-ի և Իրանի մոտեցումները նման են

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հայտարարությունը, ասել է, որ Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Ռուսաստանի և Իրանի մոտեցումները նման են։

Փետրվարի 6–ի ասուլիսում ՀՀ–ում Իրանի դեսպանն ասել էր, որ տարածաշրջանի երկրներից միայն Իրանն է սատարում ՀՀ–ին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին» դեմ լինելու հարցում։

Նա նշել է, որ դա հաստատվել է 2025 թվականի հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրով: Զախարովան ընդգծել է, որ կողմերը նպաստում են հարակից տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խաղաղության և անվտանգության պահպանմանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Զախարովայի խոսքով, միակ տարբերությունն այն է, որ Ռուսաստանը մասնակցում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մասնակցությամբ եռակողմ աշխատանքային խմբին, որը նպատակ ունի ապաշրջափակել Հարավային Կովկասի տրանսպորտային և տնտեսական կապերը:

Նա հիշեցրել է, որ այս խմբի շրջանակներում զգալի աշխատանք է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային երթուղիների վերականգնման իրավական հիմքերի և տեխնիկական պարամետրերի համաձայնեցման ուղղությամբ:

«Հաղորդակցությունների ապաշրջափակման հիմնական սկզբունքը պետությունների ինքնիշխանության և իրավասության պահպանումն է իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ: Այս պայմանը հաստատվել է ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի կողմից: Ցավոք, խմբի աշխատանքը սառեցվել է հայկական կողմի դիրքորոշման պատճառով», - հայտարարել է Զախարովան:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է վերսկսել լիարժեք համագործակցությունը:

Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել էր, որ 2021 թվականի հունվարին ստեղծված եռակողմ խմբի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ պաշտոնական որոշում չի կայացվել: Կոնտակտները շարունակվում են, բայց ոչ եռակողմ ձևաչափով, այլ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի միջև: