15 փետրվարի 2025 - 10:47 AMT
Վարդան Ղուկասյանը խնդրել է հետաձգել դատական նիստերը քարոզարշավի պատճառով

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Հակակոռուպցիոն դատարանում իր և իր հետ փոխկապակցված անձանց գործով դատական նիստի ժամանակ դիմել է նախագահող դատավոր Մերի Մոսինյանին՝ խնդրելով չնշանակել դատական նիստեր քարոզարշավի օրերին։

«Փետրվարի 20-ից առաջադրվում եմ Գյումրիի քաղաքապետի թեկնածու: Քարոզարշավ է լինելու մինչև մարտի 30-ը: Խնդրում եմ այդ օրերը ազատ թողնել, որպեսզի կարողանամ զբաղվել քարոզարշավով»,- ասել է Ղուկասյանը, հայտնում է «Առավոտը»։

Դատարանը, արձագանքելով նրա խնդրանքին, նշել է. «Ամենայն հարգանքով ձեր քարոզարշավի նկատմամբ, բայց դա չի կարող հիմք հանդիսանալ դատական նիստեր չնշանակելու հետ կապված»։

Հաշվի առնելով նախապես համաձայնեցված աշխատաժամանակի սպառվելը՝ դատարանը կողմերի հետ ճշտել է հետագա դատական նիստերի օրերն ու ժամերը։ Ըստ այդմ, հաջորդ նիստերը նախատեսված են ապրիլի 17-ին՝ ժամը 11:00-ին, ապրիլի 25-ին՝ ժամը 12:00-ին, ապրիլի 30-ին՝ ժամը 11:00-ին և մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին։

Գյումրիի քաղաքապետի ընտրությունները կայանալու են մարտի 30–ին։