Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ, ըստ պաշտոնապես չհաստատված տվյալների, Ադրբեջանի պահանջով Բելառուսում ձերբակալել են հայ բլոգեր Բելլային, որը հայտնի բլոգեր ունի TikTok-ում, YouTube-ում և Instagram-ում և հանդես է գալիս «Բելլայի մոտ» նիկով։
Մեկ այլ գրառմամբ Լապշինը, հղում անելով ՀՀ–ում Բելառուսի դեսպանատան ոչ պաշտոնական աղբյուրներին, գրել է, որ Բելլային Բելառուսում 15 օրով ձերբակալել են, որից հետո դատարանը կորոշի հետագա խափանման միջոցը։
«Ներկայումս նա գտնվում է բանտում։ Բելլան ունի Հայաստանի և Բելառուսի երկքաղաքացիություն»,–ասվում է գրառման մեջ։
Նրան առաջադրվել են մեղադրանքներ Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով․
-Հոդված 130։ Ռասայական, ազգային, կրոնական կամ այլ սոցիալական թշնամանքի կամ հակակրանքի հրահրում։
-Հոդված 123։ Պատերազմի քարոզչություն։
-Հոդված 188։ Զրպարտություն։
-Հոդված 369։ Իշխանության ներկայացուցչի վիրավորանք։
-Հոդված 186։ Սպանության, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու սպառնալիք։
Մեղադրանքները, ըստ առկա տեղեկատվության, արդեն ներկայացվել են, սակայն Բելառուսի ՆԳՆ-ից կամ ԱԳՆ-ից պաշտոնական հայտարարություններ դեռ չեն եղել։
«Պետք է ընդգծել, որ այս տեղեկատվությունը ոչ պաշտոնական է․ ներկայումս Բելառուսի դեսպանատան և Մինսկի ԱԳՆ-ի միջև ակտիվ տեղեկատվական փոխանակում է տեղի ունենում, և կան արտահոսքեր։
Նշեմ, որ Բելառուսի դեսպանատան բոլոր աշխատակիցները չէ, որ աջակցում են այնպիսի գործողություններին, ինչպիսիք են դեսպան Ալեքսանդր Կոնյուկի ձեռնարկած քայլերը, ով, լինելով Բելառուսի նախկին գլխավոր դատախազ, անձամբ ստորագրել է ինձ Արցախ այցելելու համար Ադրբեջան արտահանձնելու հրամանը։
Ցանկանում եմ ավելացնել, որ աղջկան ներկայացված մեղադրանքները բնորոշ են Լուկաշենկոյի ռեժիմին և հաճախ կիրառվում են բելառուս ընդդիմադիրների և բլոգերների դեմ։ Ակնհայտ է, որ այս մեղադրանքները անօրինական են, ամբողջությամբ կեղծված և հանդիսանում են ֆարս»,–գրել է Լապշինը։
Լապշինը ինքը ևս ժամանակին ձերբակալվել էր Բելառուսում և հանձնվել Ադրբեջանին՝ Արցախ այցելելու համար։ Ադրբեջանի դատարանի վճռով նա 3 տարվա ազատազրկման էր դատապարտվել, որոշ ժամանակ անցկացրել ադրբեջանական բանտում, մահափորձի ենթարկվել, և հետո բարձրացած միջազգային աղմուկի ճնշման ներքո արտահանձնվել Իսրայելին, քանի որ նա նաև Իսրայելի քաղաքացի է։