Սաուդյան Արաբիան պատրաստակամություն է հայտնում հյուրընկալելու ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպումը:
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը փետրվարի 14-ին հրապարակած հայտարարությամբ հաստատել է իր աջակցությունը գագաթնաժողովն Էր Ռիյադում անցկացնելու գաղափարին, հայտնում է The Kyiv Independent-ը։
Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Թրամփը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Թրամփը նախ խոսել է Պուտինի հետ փետրվարի 12-ին՝ հետագայում նշելով, որ երկու առաջնորդները կարող են հանդիպել Սաուդյան Արաբիայում՝ Ուկրաինայում պատերազմի ավարտին հասնելու բանակցությունների շրջանակում։
«Թագավորությունը (Սաուդյան Արաբիան) իր ողջույնն է հայտնում գագաթնաժողովի հյուրընկալմանը Սաուդյան Արաբիայում և վերահաստատում է իր շարունակական ջանքերը՝ ուղղված Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայուն խաղաղության հաստատմանը»,– նշված է նախարարության հայտարարության մեջ։
Սաուդյան Արաբիան 2023 թվականի օգոստոսին արդեն հյուրընկալել է միջազգային գագաթնաժողով՝ նվիրված Ուկրաինայի խաղաղության բանաձևին։ Բացի այդ, երկիրը նշանակալի դեր է խաղացել Ռուսաստանի հետ ռազմագերիների փոխանակման գործընթացում։
Այդուհանդերձ, Էր Ռիյադը շարունակում է պահպանել սերտ տնտեսական հարաբերություններ Մոսկվայի հետ, որոնք էլ ավելի են խորացել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմի սկսվելուց և Արևմուտքի հետ տնտեսական մեկուսացման ֆոնին։
Անորոշ է մնում Ուկրաինայի ներգրավվածության աստիճանը ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններում։ Փետրվարի 14-ին Մյունխենի անվտանգության համաժողովում Զելենսկին հայտնել է, որ նախատեսում է այցելել Սաուդյան Արաբիա, Թուրքիա և Արաբական Միացյալ Էմիրություններ՝ քննարկելու տարբեր թեմաներ, ներառյալ Ռուսաստանի կողմից բռնի տեղահանված ուկրաինացի երեխաների հարցը։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը նշել է, որ Զելենսկին և Թրամփը պայմանավորվել են սկսել աշխատել պատերազմի դադարեցման ուղղությամբ։ Սակայն Ուկրաինայի նախագահը շեշտել է, որ Պուտինի հետ կհանդիպի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ի և Եվրոպական միության հետ համատեղ ծրագիր լինի։ Կիևը պնդում է, որ Ուկրաինայի ապագայի վերաբերյալ բանակցություններ և Ռուսաստանի լայնածավալ պատերազմի դադարեցման քննարկումներ չպետք է անցկացվեն առանց Ուկրաինայի մասնակցության։