15 փետրվարի 2025 - 13:55 AMT
OpenAI-ը մերժել է Մասկի $97.4 մլրդ-ի առաջարկը՝ հայտարարելով, թե չի վաճառվում

OpenAI-ն մերժել է միլիարդատեր Իլոն Մասկի գլխավորած խմբի 97.4 միլիարդ դոլար արժողությամբ գնման առաջարկը՝ հայտարարելով, որ ընկերությունը վաճառքի ենթակա չէ։

Սա Մասկի վերջին փորձն է խոչընդոտելու ընկերությանը, որը նա հիմնել էր Սեմ Ալթմանի հետ, սակայն հետագայում լքել, դառնալու առևտրային կառույց՝ ձգտելով լրացուցիչ ներդրումներ ներգրավել և պահպանել ԱԻ մրցակցային դաշտում առաջատար դիրքերը, գրում է The Gardian-ը։

«OpenAI-ն վաճառքի ենթակա չէ, և խորհուրդը միաձայն մերժել է պարոն Մասկի վերջին փորձը՝ խաթարելու իր մրցակիցներին։ OpenAI-ի ցանկացած հնարավոր վերակազմավորում կամրապնդի մեր ոչ առևտրային ուղղվածությունն ու մեր առաքելությունը՝ ապահովելու, որ AGI-ն ծառայի ամբողջ մարդկությանը», – OpenAI-ն նշել է X-ում՝ հղում անելով խորհրդի նախագահ Բրեթ Թեյլորին։

Երեքշաբթի Ալթմանն Axios-ին կրկնել է, որ OpenAI-ն վաճառքի ենթակա չէ։ Մինչ այդ, երկուշաբթի նա մերժել էր առաջարկը՝ պարզապես գրելով «ոչ, շնորհակալություն» X-ում, որին Մասկը պատասխանել էր՝ անվանելով նրան «խարդախ»։

Մասկի գլխավորած կոնսորցիումը, որը ներառում է նրա AI ընկերությունը՝ xAI-ն, դատական փաստաթղթերում նշել է, որ կհաներ իր առաջարկը OpenAI-ի ոչ առևտրային հատվածի նկատմամբ, եթե կազմակերպությունը հրաժարվեր առևտրային մոդելի անցնելու մտադրությունից։

«Երկու օր առաջ դուք դատարանում հայց եք ներկայացրել՝ առաջարկին ավելացնելով նոր պայմաններ։ Դրա արդյունքում ակնհայտ է դարձել, որ ձեր հաճախորդների լայնորեն հրապարակված «առաջարկը» իրականում առաջարկ չէ», – ասվում է OpenAI-ի խորհրդի հայտարարության մեջ, որը ստորագրել է ընկերության փաստաբան Ուիլյամ Սավիթը և ուղարկել Մասկի փաստաբան Մարկ Տոբերոֆին։

Մասկի թիմի ներդրողների շարքում են նաև Valor Equity Partners-ը, Baron Capital-ը և հոլիվուդյան ազդեցիկ գործարար Արի Էմանուելը։

Ալթմանն ու Մասկն արդեն տարիներ շարունակ հակամարտության մեջ են։

2019-ին Մասկի հեռանալուց հետո OpenAI-ն ստեղծել է առևտրային ստորաբաժանում, որը ստացել է միլիարդավոր դոլարների ներդրումներ։ Այս քայլը Մասկի քննադատությանն է արժանացել, քանի որ, նրա խոսքով, ընկերությունը դավաճանել է իր սկզբնական առաքելությանը՝ գերադասելով շահույթը հանրային շահից։

Անցած տարվա օգոստոսին Մասկը հայց է ներկայացրել Ալթմանի, OpenAI-ի և նրա խոշորագույն ներդրող Microsoft-ի դեմ՝ մեղադրելով պայմանագրի խախտման մեջ։ Նոյեմբերին Մասկը դիմել է ԱՄՆ դատարան՝ պահանջելով արգելել OpenAI-ին անցում կատարել առևտրային կառուցվածքի։

Photo. Reuters