Հայաստանը «Եվրատեսիլ 2025» մրցույթում կներկայացնի Պարգը (Պարգև Վարդանյան)։ Նա հանդես կգա Survivor երգով։
Հաղթողն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության, միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ համերգից հետո, որը տեղի է ունեցել փետրվարի 16-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Միջոցառումն ուղիղ հեռարձակվել է Հանրային հեռուստատեսության եթերում։
Պարգը վաստակել է 210 միավոր։
Պարգը հայտարարել է, որ մրցույթին կմասնակցի մեծ պատասխանատվությամբ՝ հանդիսատեսին և հեռուստադիտողներին փոխանցելով կրկնակի էներգիա, հայտնում է Արմենպրեսը։
«Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ համերգից հետո կայացած մամուլի ասուլիսում, Պարգն ընդգծել է, որ աշխատել է տաղանդավոր թիմի հետ, որի արդյունքում ստեղծվել է Survivor երգը։
«Շատ տարբեր զգացողություններ ունեմ, ուրախ եմ ու շնորհակալ բոլորին, ովքեր քվեարկել են իմ օգտին, շնորհակալ եմ իմ ընկերներին, կնոջս, թիմիս: Եթե նրանք չլինեին, ես չէի կարողանա փոխանցել այդ էներգիան: Իրականում աշխատասեր եմ, պատրաստ եմ զարգացնել ելույթս ու եվրատեսիլյան բեմում կրկնակի էներգիա փոխանցել»,- ասել է Պարգը։
Նա նշել է, որ իր հաղթանակն անակնկալ չի եղել, քանի որ զգացել է երկրպագուների աջակցությունն ու դրական արձագանքները թե՛ իր, թե՛ երգի վերաբերյալ։ Սակայն «Դեպի Եվրատեսիլ»-ի եզրափակիչ համերգին ելույթ ունենալիս մրցանակի մասին չի մտածել, այլ պարզապես ցանկացել է լավ ներկայացնել իր կատարումը և հանդիսատեսին փոխանցել դրական էներգիա։
«Ունեմ երգ, որ կոչվում է «Առաջ»: Խորհուրդը այն է, որ պետք է հետ չնայել, քայլել առաջ: Survivor-ն ասես այդ երգի շարունակությունն է: Հորդորում է չհանձնվել, գնալ առաջ ու չկորցնել լույսը: Ոգեշնչվել եմ տարբեր երգիչներից, երաժշտությունից, ու ստացել ենք երգը, որ կա»,- նշել է Պարգը։
Մրցութային նախագծին, բացի Պարգից, մասնակցել են Աթենա Մանուկյանը, Անահիտ Ադամյանը, Անահիտը և Գասոյանը, Արսեն Գրիգորյան և Կամիլ նախագիծը, Գևորգ Հարությունյանը, Մելս Դանիելյանը, Միլենա Միրիջանյանը, Սիմոնը, Սևագիրը, Ֆլորա Բիչախչյանը և ALTSIGHT-ը։
«Եվրատեսիլ 2025» միջազգային մրցույթը մայիսին կանցկացվի Շվեյցարիայի Բազել քաղաքում։ Շվեյցարիան հյուրընկալելու իրավունք ստացել է 2024-ին՝ շվեյցարացի Նեմոյի հաղթանակից հետո։