17 փետրվարի 2025 - 14:34 AMT
Քոչարյանը՝ Փաշինյանի մասին․ Եթե նա կարծում է, որ ՌԴ-ին կարելի է այսպես արհամարհել, չարաչար սխալվում է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսել է Լեռնային Ղարաբաղի խնդրում Ռուսաստանի դիրքորոշման մասին՝ նշելով, որ որոշումները պայմանավորված են իրավիճակի ընկալմամբ։

«Ուժային միջամտություն ո՞ւմ համար, Հայաստանի համար, որ ճակատագրական պահին քեզ գցել է, որն անցել է քո թշնամիների ճամբարը։ Որևէ մեկը ձեզանից իրեն դավաճանած ընկերոջ համար կռվի մեջ կմտնի՞։ Չեմ կարծում։ Ընկալումն այսպիսին է։ Հիմա մի կողմ դնենք, թե իրական պատկերը որն է։ Մարդիկ գործողության են գնում ընկալումներով, թե ոնց են ընկալում իրավիճակը»,- ասել է նա, հայտնում է Radar.am-ը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոչնչացնում է նեոլիբերալ աշխարհակարգը և այն մեխանիզմները, որոնց միջոցով այդ գաղափարախոսությունը տարածվում էր գլոբալ մակարդակում։

«Ես չեմ կասկածում, որ մոտակա ժամանակներում Հայաստանի վարչապետը շատ արագ կոշիկները փոխելու է, զանգելու է ՌԴ նախագահին, և ոնց որ բան չի պատահել, սկսելու է կենացներ ասել հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին»,- նշել է Քոչարյանը։

Վերջում նա ընդգծել է. «Դու կարող ես, Ռուսաստանի հետ ճիշտ քաղաքականություն վարելով, չթշնամանալ արևմուտքի հետ։ Այդ պատուհանը բացվում է։ Կարևոր է, որ հետագա գործընթացներում Հայաստանը ներկայացված չլինի այս մարդկանցով, որոնք փչացրել են ամեն ինչ»։

Քոչարյանը նաև ասել է, որ ՌԴ-ն այն երկիրը չէ, որին կարելի է այսպես արհամարհել։

Նա համոզված է, որ Արցախի հարցում Հայաստանի իշխանությունների երկրորդ լուրջ սխալը տեղի է ունեցել Պրահայում, ինչը դարձել է Արցախի հանձման հաջորդ փուլը։

«Դա այն հայտի հայտարարությունն էր, որով Հայաստանը ճանաչեց Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։ Սա Ղարաբաղի նկատմամբ դատավճիռ էր»,–ասել է նա, գրում է Aysor.am-ը։

Նրա կարծիքով՝ դա այն ժամանակաշրջանն էր, երբ Ռուսաստանը Ուկրաինայի հետ պատերազմում բախվում էր որոշակի դժվարությունների, իսկ Հայաստանի իշխանությունները ենթադրեցին, որ ՌԴ-ն թուլանում է, և ճիշտ պահն է միանալ արևմտյան ճամբարին։

«Բայց այս որոշումով զրոյացվեց ՌԴ-ի միջնորդության մանդատը։ ՌԴ-ն միջնորդ էր։ Երբ հայտարարվում է, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմ է, ապա միջնորդական առաքելությունը զրոյացվում է։ Ի՞նչ էր մտածում Նիկոլ Փաշինյանը․ ՌԴ-ն ստանձնեց պարտավորություն Ղարաբաղի անվտանգության համար, կարելի է թռնել այդ հարցից, պարտավորություն ես ստանձնել, դրան տեր կանգնիր։ Ինքը մտածեց, որ կարող է ձեռքերը լվանալ։

Եթե նա մտածում է, որ ՌԴ-ն այն երկիրն է, որին կարելի է այսպես արհամարհել, չարաչար սխալվում է։ Այդպես չի լինում»,–ասել է նա։

Քոչարյանը ընդգծել է, որ այն ժամանակ աշխարհում լարված իրավիճակ էր, փաստացի՝ ՌԴ-ի դեմ պատերազմ էր ընթանում, և այդ պայմաններում, փոխանակ Հայաստանը ուժեղացներ իր անվտանգային համակարգը՝ ներառելով նաև Իրանի գործոնը, սկսել է քանդել այն մեխանիզմները, որոնք ապահովում էին երկրի անվտանգությունը։

«Եթե մեր ռազմավարությունը եղել է այդ պահն օգտագործել Ռուսաստանից հեռանալու համար, մենք պետք է սպասեինք, որ ՌԴ-ն իր շահերը Հարավային Կովկասում պաշտպանելու համար անպայման ավելի ջերմ հարաբերություններ է հաստատելու Բաքվի հետ։ Ու սա չհասկանալը անմտություն էր արտաքին քաղաքականության մեջ։ Սա դաժան ճշմարտություն է, որը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ մի արհամարհիր երբեք քո գործընկերոջ կենսական շահերը, հատկապես այն գործընկերոջ, որից դու ունես հսկայական կախվածություն։

Ավելացնեմ, որ այս ամենից Ղարաբաղում միայն նյութական կորուստները կազմել են 80-100 մլրդ դոլար։ Այս ամենից տպավորությունս այնպիսին է, որ Հայաստանում իրենց արածի համար պատասխան երբեք չեն տալիս։ Այս ամենի համար որևէ մեկը որևէ պատասխանատվություն չկրեց»,–ասել է նա։