ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել է, որ Վրաստանի քաղաքացիներ հանդիսացող մեր հայրենակիցները կարող են իրենց վրացական պետհամարանիշով մեքենաներով մուտք գործել ՀՀ, լրացնել մաքսային մուտքի հայտարարագիրն ու առանց հավելյալ ընթացակարգերի մինչև մեկ տարի մնալ ՀՀ տարածքում։
«Վրաստանում ապրող Վրաստանի քաղաքացի մեր հայրենակիցները սեփական վրացական պետհամարանիշով մեքենայով կարող են հատել ՀՀ սահմանը, լրացնել մաքսային մուտքի հայտարարագիրն ու 1 տարի մնալ ՀՀ տարածքում: Միաժամանակ ՀՀ քաղաքացիություն ունենալը որևէ կերպ չի խանգարի նրանց՝ այս ընթացակարգից օգտվելու համար»,- նշել է Դանիելյանը։
Նույն հնարավորությունը տրված է նաև այն հայերին, որոնք բնակվում են Վրաստանում, սակայն չունեն այդ երկրի քաղաքացիություն։ Այս դեպքում, սակայն, մաքսային մուտքի հայտարարագրման ժամանակ նրանք պետք է ներկայացնեն Վրաստանում մշտական կամ ժամանակավոր կացության վկայական։
«Վրաստանում ապրող, Վրաստանի քաղաքացիություն չունեցող, այլ երկրի (ՀՀ, ՌԴ և այլն) քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցները սեփական վրացական պետհամարանիշով մեքենայով կարող են հատել ՀՀ սահմանը, լրացնել մաքսային մուտքի հայտարարագիրն ու 1 տարի մնալ ՀՀ տարածքում: Ուշադրություն. այս դեպքում վերջիններիս համար անհրաժեշտ կլինի մաքսային մուտքի հայտարարագրման ժամանակ ներկայացնել նաև Վրաստանում մշտական կամ ժամանակավոր կացության իրավունքի վկայական»,- նշել է պատգամավորը։
Դանիելյանի խոսքով, այս կարգավորումը հաստատվել է 2024 թվականի սեպտեմբերից, խմբագիր, ջավախահայ Վահե Սարգսյանի առաջարկությունների հիման վրա։ Նախկինում Վրաստանի քաղաքացիություն չունեցող, բայց այնտեղ կացության քարտ ունեցող հայերի համար սահմանված ժամկետը 15 օր էր, որն այժմ հավասարեցվել է Վրաստանի քաղաքացիների համար սահմանված մեկ տարվան։
“Վերջին օրերին ՊԵԿ-ի կողմից հաստատված կանոններով՝ այս դեպքում (Վրաստանում կացության քարտի հիման վրա մուտք գործելու դեպք) ևս մեր հայրենակիցները կարող են ՀՀ տարածքում իրենց մեքենան շահագործել մինչև մեկ տարի: Այս ընթացակարգով սահմանված ժամկետը կրկին հավասարեցվել է Վրաստանի քաղաքացիների ժամկետին (մինչ այս 15 օր էր այն)”,–գրել է նա։
Այնուամենայնիվ, Վրաստանում ապրող, ՀՀ քաղաքացիություն ունեցող հայրենակիցները, ովքեր Վրաստանի քաղաքացիության անձնագրով կամ կացության քարտով մուտք են գործում Հայաստան, դեռևս չեն կարող վարել իրենց մեքենաները վրացական վարորդական իրավունքի վկայականներով։
«Վրաստանում ապրող մեր հայրենակիցները, ովքեր միաժամանակ ունեն նաև ՀՀ քաղաքացիություն, Վրաստանի քաղաքացիության անձնագրով կամ Վրաստանում կացության իրավունքի քարտով ՀՀ տարածք մուտք գործելիս վրացական պետհամարանիշներով իրենց մեքենաները առայժմ չեն կարող վարել վրացական վարորդական իրավունքի վկայականներով: Ցավոք, գործող կարգի հիման վրա մեր հայրենակիցները դեռ ենթակա են տուգանման»,- նշել է Դանիելյանը։
Նա հավելել է, որ ՆԳ նախարարությունը քննարկում է վրացական վարորդական վկայականով Հայաստանում երթևեկելու համար մեկամսյա թույլտվության սահմանման տարբերակը, սակայն սա բավարար չէ։ Նրա խոսքով, անհրաժեշտ է այդ ժամկետը կամ դարձնել անժամկետ, կամ առնվազն հավասարեցնել մեքենայի շահագործման մեկ տարվա թույլտվությանը։
Պատգամավորի փոխանցմամբ, վրաստանաբնակ մեր հայրենակիցները, ովքեր չունեն իրենց անունով գրանցված մեքենա, սակայն վարում են Վրաստանի այլ քաղաքացու սեփականություն հանդիսացող ավտոմեքենա, կարող են նույն ընթացակարգով մուտք գործել ՀՀ՝ լիազորագրի հիման վրա։