18 փետրվարի 2025 - 10:21 AMT
ԱԳՆ․ Կոլիզեումի ժամանակավոր ցուցահանդեսի քարտեզի խնդիրը շտկվել է՝ ՀՀ-ն ավելացվել է

Սոցիալական հարթակներում տարածվել էին տեղեկություններ այն մասին, որ Հռոմի Կոլիզեումի երկրորդ հարկում կազմակերպված ցուցահանդեսում տեղադրված քարտեզում Հայաստանը բացակայում է։ Ըստ ստացված տեղեկությունների՝ քարտեզը գտնվում է Կոլիզեումի երկրորդ մակարդակում տեղակայված Göbeklitepe. L’enigma di un luogo sacro («Göbeklitepe. Սուրբ վայրի առեղծվածը») խորագրով ցուցահանդեսային համալիրի մուտքի մոտ։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն ասել է, որ ցուցահանդեսի մասին տեղեկանալուն պես Հռոմում ՀՀ դեսպանության միջոցով հարցն ուղղվել է Իտալիայի պատկան մարմինների և կազմակերպիչների ուշադրությանը, ինչի արդյունքում ստացվել է դրական արձագանք, հայտնում է Արմենպրեսը։

«Այս պահին Հայաստանն արտացոլված է քարտեզում»,- ընդգծել է Բադալյանը։

Կոլիզեումի հնագիտական պարկի պաշտոնական կայքում նշված է, որ ցուցահանդեսն անցկացվում է պարկի, Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության ու Հռոմում Թուրքիայի դեսպանատան համագործակցությամբ։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 2-ը։