18 փետրվարի 2025 - 10:33 AMT
ՀՀ ռազմարդյունաբերական ընկերությունները մասնակցում են Աբու Դաբիի միջազգային ցուցահանդեսին

Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտի 11 ընկերություն փետրվարի 17-21-ը Աբու Դաբիում անցկացվող պաշտպանական արտադրանքի միջազգային ցուցահանդեսի շրջանակում կներկայացնի տեղեկատվական, պաշտպանական և ռազմական նշանակության տեխնոլոգիաներ, ինչպես նաև ինժեներական նորարարական լուծումներ՝ արտացոլելով ոլորտի վերջին զարգացումներն ու երկրի ներուժը։

«ԱՅԴԵՔՍ 2025» (IDEX 2025) ցուցահանդեսին մասնակցությունը նպատակ ունի հայկական պաշտպանական արտադրանքը ներկայացնել միջազգային շուկայում, տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 16-21-ը կմասնակցի Աբու Դաբիում կայանալիք այս խոշորամասշտաբ համաժողովին և ցուցահանդեսին։

Միջոցառման ընթացքում կցուցադրվեն ոչ միայն պատրաստի արտադրանք և ծրագրեր, այլև հեռանկարային նախագծեր, որոնք կնպաստեն ոլորտում նոր համագործակցությունների ստեղծմանն ու ընդլայնմանը։

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ցուցահանդեսին մասնակցում է «ՀԱՅԱՍՏԱՆ (ARMENIA)» միասնական տաղավարով արդեն երրորդ անգամ անընդմեջ։

Այս ցուցահանդեսը, որն անցկացվում է երկու տարին մեկ, համարվում է աշխարհի խոշորագույն պաշտպանական ցուցահանդեսներից մեկը, և այս տարի սպասվում է մոտ 150 հազար այցելու։

Փետրվարի 16-ին միջոցառմանը նախորդել է Միջազգային պաշտպանական համաժողովը (IDC), որտեղ Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության հարցերով պետնախարար Մուհամմադ բին Մուբարաք բին Ֆադել Ալ-Մազրուեի հրավերով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է «Ապատեղեկատվություն և ազդեցության գործառնություններ» խորագրով պանելային քննարկմանը՝ որպես բանախոս։