Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը շնորհավորական նամակ է հղել Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաային։
Նա հույս է հայտնել, որ Ահմեդ աշ-Շարաայի շնորհիվ Սիրիայի պատմության մեջ նոր ու փայլուն էջ կբացվի, հայտնում է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։
Հայրապետը հիշեցրել է նախագահին,որ «Սիրիայի ժողովուրդն իր բոլոր համայնքներով անցել է անհամար դժվարությունների միջով և դիմացել` հուսալով, որ երկրում պետք է հավասարություն տիրի, ինչպես նաև պիտի հարգվեն Սիրիայի բոլոր զավակների իրավունքները, առանց խտրականության»։
Հունվարի 30–ին հայտնի դարձավ, որ սիրիացի ապստամբների առաջնորդ Ահմեդ աշ-Շարաան նշանակվել է Սիրիայի ժամանակավոր նախագահ՝ «անցումային կառավարության» գործունեության ընթացքում:
Աշ-Շարաան, ով նաև հայտնի է որպես Մոհամմադ ալ-Ջուլանի, ղեկավարում է իսլամիստական «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումը, որն ԱՄՆ-ի, մի շարք արևմտյան երկրների և Ռուսաստանի կողմից ճանաչված է որպես ահաբեկչական և գլխավորել է զինված ապստամբությունը Բաշար Ասադի ռեժիմի դեմ 2024 թվականի նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին: Արդյունքում Ասադի կառավարությունը տապալվել է, Ասադը փախել է Մոսկվա, իսկ աշ-Շարաան դարձել է երկրի փաստացի ղեկավարը: