Փետրվարի 16-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար։ Դիմավորման արարողությանը ներկա է եղել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը, որը նաև կարճատև զրույց է ունեցել Ռուբիոյի հետ։
Ներկայացնելով հանդիպման բովանդակությունը՝ Աղան Գոգչյանը նշել է, որ Ռուբիոն տաճար էր այցելել ոչ պաշտոնական այցով, այլ պատարագին մասնակցելու նպատակով, տեղեկացնում է «ՍիվիլՆեթը»։
«Բարձրաձայնեցինք Իսրայելում քրիստոնյաների ներկայության հարցը, նրանց հեռանալու հետ կապված մտահոգությունները։ Պետքարտուղարը նշել է, որ շատ քրիստոնյաներ, այդ թվում՝ հայեր, արդեն հեռացել են Սիրիայից, Լիբանանից ու մերձավորարևելյան այլ երկրներից, և ԱՄՆ-ն ամեն ինչ կանի, որ քրիստոնյաների ներկայությունն Իսրայելում հաստատուն մնա՝ վերոհիշյալ երկրների օրինակը չկրկնելու համար։
Պետքարտուղարը նաև շնորհակալություն է հայտնել մեզ ծառայության ու ջանքերի համար՝ խոստանալով ուշադրության կենտրոնում պահել մեր բարձրացրած խնդիրներն ու կրկին այցելել»,- հայտնել է Հայոց պատրիարքարանի դիվանապետը։
2022 թվականի հուլիսին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ջո Բայդենը Երուսաղեմ այցի ընթացքում այցելել էր Բեթղեհեմի Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի՝ հանդիպելով Երուսաղեմի հայոց պատրիարք Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ։