Հայ մարզիկ Յուրի Սաքունցը Չեխիայում անցկացված մենամարտում վստահ հաղթանակ է տարել Չեխիայի բազմակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակից Միրոսլավ Շչերբանի նկատմամբ՝ նվաճելով GBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Մենամարտը անցել է լարված պայքարում, սակայն Սաքունցի գերազանց պատրաստվածությունը վճռորոշ է եղել․ 4-րդ ռաունդում մրցավարը կանգնեցրել է մենամարտը՝ տեխնիկական նոկաուտ արձանագրելով, հայտնում է Panorama.am-ը։
Սաքունցը վերահսկված մարտավարություն է ցուցաբերել և առաջին իսկ ռաունդից ձեռք բերել առավելություն։ Չնայած մրցակցի փորձառությանը, նրա պաշտպանությունը չի դիմացել հայ բռնցքամարտիկի ուժեղ հարվածներին։
Հաղթանակից հետո Յուրի Սաքունցը իր հաջողությունը նվիրել է հայ ժողովրդին և «Արաբո» ջոկատի քաջարի մարտիկներին՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր մենամարտից այն կողմ կա ավելի մեծ իմաստ։
«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հավատացին ինձ ու կանգնեցին կողքիս։ Այս հաղթանակը միայն իմը չէ, այն պատկանում է իմ ազգին, իմ թիմին ու բոլոր նրանց, ովքեր պայքարում են արդարության համար»,- նշել է Սաքունցը։
Յուրի Սաքունցը վաղուց հայտնի անուն է սպորտի աշխարհում։ Նա ուժային եռամարտի կրկնակի աշխարհի չեմպիոն է, ինչպես նաև բռնցքամարտի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթող։
Բացի այդ, նա նվաճել է համաշխարհային ձեռնամարտի և Եվրոպայի ուժային ըմբշամարտի չեմպիոնի տիտղոսները։ Նրա բացառիկ նվաճումները ութ անգամ գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում, ինչը նրան բերել է միջազգային ճանաչում։