18 փետրվարի 2025 - 16:07 AMT
Պեսկով. Պուտինն անհրաժեշտության դեպքում պատրաստ է բանակցել Զելենսկու հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անհրաժեշտության դեպքում պատրաստ է մասնակցել Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այդ մասին տեղեկացրել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա հիշեցրել է լրագրողներին, որ Պուտինը բազմիցս արտահայտել է Ուկրաինայի ներկայիս ղեկավարության հետ բանակցելու իր պատրաստակամությունը, գրում է Gazeta.ru–ն։

«Միևնույն ժամանակ, պայմանավորվածությունների իրավական ամրագրումը ենթակա է լուրջ քննարկման՝ հաշվի առնելով այն իրականությունը, որ Զելենսկու լեգիտիմությունը կարող է վիճարկվել։ Այս մասին Պուտինը բազմիցս է հայտարարել», — ասել է Պեսկովը։

Մոսկվան Վլադիմիր Զելենսկուն չի ճանաչում որպես Ուկրաինայի օրինական նախագահ, քանի որ նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2024 թվականի մայիսին։ Ուկրաինայի իշխանությունները հրաժարվել են անցկացնել նոր ընտրություններ՝ վկայակոչելով ռազմական դրության ռեժիմը։

Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների բանակցություններն Ուկրաինայի վերաբերյալ։ Հանդիպումը նվիրված է հակամարտության կարգավորման հնարավոր շփումների և Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հանդիպման կազմակերպման քննարկմանը։

Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը չի մասնակցի ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններին, նույնիսկ եթե իրեն նման առաջարկ արվի։

Photo. Ria Novosti/Reuters