Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը ցանկանում է ստանալ անվտանգության երաշխիքներ ԱՄՆ-ից, Եվրոպական միությունից և Թուրքիայից։ Այս մասին նա հայտնել է Անկարայում երկրի նոր դեսպանատան շենքի բացման արարողության ժամանակ։
Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան ցանկանում է խաղաղություն և պատերազմի ավարտ, սակայն հակամարտության ավարտը պետք է հիմնված լինի կոնկրետ անվտանգության երաշխիքների վրա, հայտնում է «Անադոլուն»։
«Մենք ցանկանում ենք, որ այդ անվտանգության երաշխիքները տրամադրվեն Միացյալ Նահանգների, Եվրոպական միության և ամբողջ Եվրոպայի, ներառյալ Թուրքիայի կողմից», - նշել է ուկրաինացի առաջնորդը։
Նախագահը նաև ուշադրություն է հրավիրել Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման կարևորության վրա։ Նրա խոսքով, այս հարցերը կքննարկվեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում։
Զելենսկին հիշեցրել է Էրդողանի հետ նախորդ «արդյունքներին ուղղված» բանակցությունների մասին և նշել է Անկարայի միջնորդական ջանքերը ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման գործում։ Նա շնորհակալություն է հայտնել Թուրքիային գերիների փոխանակման հարցում օգնության համար և ընդգծել է «ուկրաինացիների տուն վերադարձի» և «սննդի անվտանգության» հարցերի կարևորությունն Ուկրաինայի համար։
Նախագահը նշել է, որ Թուրքիայի ջանքերի շնորհիվ ստեղծվել է սննդի միջանցք, սակայն Ռուսաստանի գործողությունների պատճառով դրա աշխատանքը խաթարվել է, ինչը զրկել է սննդից ամբողջ աշխարհում կարիքավորներին։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել բոլոր երկրներին, որոնք նպաստում են սննդի անվտանգության ապահովմանը, և ընդգծել է Ուկրաինայից սննդի մատակարարումների կարևորությունը Աֆրիկայի և Սիրիայի երկրներին։
Անկարայում Ուկրաինայի նոր դեսպանատան շենքի բացումը Զելենսկին անվանել է «շատ խորհրդանշական» իրադարձություն։ Նա նշել է արարողությանը Ղրիմի թաթարական համայնքի ներկայացուցիչների ներկայությունը և ընդգծել է, որ աջակցել է նոր դիվանագիտական ներկայացուցչության շենքի կառուցման գաղափարին նախագծի ներկայացման պահից։ Նախագահը բարձր է գնահատել նոր շենքը՝ ընդգծելով, որ այն «արժանի է իր երկրին», և նշել է շինարարության մեջ բազմաթիվ մարդկանց, այդ թվում՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի և Անկարայում նախկին դեսպան Անդրեյ Սիբիգայի ներդրումը։ Նոր դիվանագիտական ներկայացուցչության շենքը փոխանցվել է Թուրքիայում Ուկրաինայի նորանշանակ դեսպան Նարիման Ջելյալին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը երբեք չի գնա զիջումների իր տարածքային ամբողջականության հարցում։
Պետության ղեկավարը ընդգծել է, որ «չի կարող գործել Ուկրաինայի Սահմանադրությանը հակառակ»։
«Մենք երբեք, երբեք չենք ճանաչի մեր ժամանակավորապես օկուպացված տարածքները որպես Ռուսաստանի մաս։ Դրանք Ուկրաինայի մասն են կազմում»,- ասել է Զելենսկին։
Նա հավելել է, որ Կիևը «նախընտրում է դիվանագիտական ճանապարհով վերականգնել ռուսական օկուպացիայի տակ գտնվող ուկրաինական տարածքները»։
«Քանի որ մենք չենք ցանկանում կորցնել մեր մարդկանց, մարդիկ մեր ամենամեծ հարստությունն են»,- պարզաբանել է նախագահը։
Դիմելով «բոլոր միջնորդ կողմերին՝ ռուսներին, ամերիկացիներին և եվրոպացիներին», Զելենսկին շեշտել է, որ Ուկրաինան «ցանկանում է կարգավորել հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով՝ առանց արյունահեղության, սակայն երբեք չի զիջի իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։
Բացի այդ, Զելենսկին նշել է, որ Ուկրաինան ճանաչում է Ղրիմի թաթարների՝ բնիկ ժողովուրդ լինելու կարգավիճակը։