18 փետրվարի 2025 - 18:42 AMT
Թուրքիայում ձերբակալվել են քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, արվեստագետներ և լրագրողներ

Թուրքիայում միաժամանակ իրականացված լայնածավալ գործողության արդյունքում ձերբակալվել են ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ, լրագրողներ ու արվեստագետներ։ Միջադեպը բուռն արձագանք է առաջացրել քաղաքական շրջանակներում։

Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ «Ժողովուրդների դեմոկրատական ​​կոնգրեսի» (HDK) դեմ նախաձեռնված հետաքննության շրջանակում հատուկ գործողություններ են իրականացվել Ստամբուլում և ևս 9 նահանգում, գրում է Ermenihaber-ը։

«Արշալույս օպերացիայի» արդյունքում 60 կասկածյալից 52-ը ձերբակալվել է։ Նրանց թվում են տարբեր քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, ինչպես նաև արվեստագետներ ու լրագրողներ։ Մասնավորապես, ձերբակալվածների թվում են Ստամբուլի նահանգային ղեկավարը, Գյունգյորեն շրջանի նախագահը, «Կանաչների ձախ» կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի անդամը, արհմիության նախագահը, գործադիր անձինք և այլք։

Թուրքիայի «Աշխատավորական» կուսակցության նախագահ Սեյիթ Ասլանը խստորեն արձագանքել է իրադարձություններին՝ նշելով.

«Թուրքիայում ժողովրդավարական իրավունքների վրա ճնշումը մեծանում է, միանձնյա կառավարությունը, որը ցանկանում է Թուրքիան վերածել բաց բանտի, չի կարողանա հասնել իր նպատակներին: Մենք չենք հանձնվի այս մտածելակերպին, որը պայքարում է իրավունքների համար»։

Գործողության ընթացքում ձերբակալվել է նաև 3 լրագրող։ Մասնավորապես, Ստամբուլում բերման են ենթարկվել Էլիֆ Աքգյուլն ու Էրջումենտ Աքդենիզը, իսկ Անկարայում՝ Յըլդըզ Թարը։ Հետաքննության շրջանակում նրանց 24 ժամով արգելվել է փաստաբանի հետ հանդիպելը։ Ձերբակալվածների թվում է նաև նկարչուհի Փընար Այդընլարը։