Երևանում ապրելու ծախսերը գերազանցում են Մոսկվայի, Թբիլիսիի, Բաթումիի, Պեկինի, Ռիոյի, Բուդապեշտի, Բաքվի և մի շարք այլ մեծ քաղաքների ծախսերը։ Այդ մասին հայտնել է ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը՝ հղում անելով «Cost of Living Plus Rent Index by City2025» ուսումնասիրության տվյալներին։
Համաձայն վարկանիշային ցուցակի՝ Երևանը տարածաշրջանում ամենաթանկ քաղաքն է՝ զբաղեցնելով 179-րդ հորիզոնականը։ Ապրելու ավելի մատչելի պայմաններ են արձանագրվել Մոսկվայում (210-րդ տեղ), Անկարայում (214), Թբիլիսիում (222), Բաքվում (256), Բաթումում (257) և Թեհրանում (267), հայտնում է Panorama.am-ը։
Երևանում կյանքի արժեքը գերազանցում է նաև Պեկինի (184-րդ տեղ), Վարշավայի (181), Բուենոս Այրեսի (196), Բուդապեշտի (200), Սան Պաուլոյի (243), Ռիո դե Ժանեիրոյի (269), Մինսկի (281) և Նովոսիբիրսկի (303) ցուցանիշները։
Աշխարհում կյանքի ամենաբարձր ծախսերն արձանագրվել են Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Ցյուրիխում, Ժնևում, Բոստոնում, Սինգապուրում, Վաշինգտոնում և մի շարք այլ խոշոր քաղաքներում։