19 փետրվարի 2025 - 10:33 AMT
Բաքվում Արցախի ղեկավարության շինծու դատավարությունում ավարտվել է մեղադրական եզրակացության հրապարակումը

Փետրվարի 18–ին Բաքվում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունը։

Բաքվի դատարանում գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությունների օգնական Տուգայ Ռահիմլին ներկայացրել է Քրեական օրենսգրքի հոդվածները, որոնցով մեղադրվում են Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Լևա Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Մադաթ Բաբայանը, Մելիքսեթ Փաշայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Լևոն Բալայանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը և Դավիթ Ալլահվերդյանը։

Այսպիսով, մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի ընթերցումն ավարտվել է, գրում է Minval.az-ը։

Դատախազը հայտարարել է, թե 1988–2024թթ․ հայերը 18,850 մարդու են սպանել։

Այնուհետև նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը ներկայացրել է Արայիկ Հարությունյանին և Արկադի Ղուկասյանին իրենց ներկայացված մեղադրանքների էությունը, նրանց վերագրվող արարքների իրավական որակումը, այդ արարքների համար նախատեսված պատիժները և մեղադրյալների իրավունքները, ինչպես նաև հարցրել՝ արդյոք նրանք ընդունում են իրենց մեղքը։

Արայիկ Հարությունյանը և Արկադի Ղուկասյանը դիմել են դատարանին՝ խնդրելով առանձին հանդիպում իրենց պաշտպանների հետ, որից հետո կպատասխանեն հարցերին։

Հաջորդ դատական նիստը նշանակված է փետրվարի 20-ին։

Նախորդ նիստում Ադրբեջանը մեղադրել է հայերին «վարձկաններ» ներգրավելու մեջ, մեղադրանքներ հնչեցրել նաև ՈՄԱ–ի և «Սև հովազ» ջոկատի հասցեին, հիշատակվել է անգամ АSALA–ն, որը վաղուց հայտարարել է իր գործունեությունը դադարեցնելու մասին։

Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։ Նրա դեմ առաջադրվել է մոտ 45 նոր մեղադրանք՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 20 հոդվածներով, և նրան սպառնում է ցմահ ազատազրկում։