Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը Թուրքիայի համար անսակարկելի են: Նրա խոսքերով՝ Անկարան ձգտում է միջնորդ դառնալ Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև հնարավոր բանակցություններում, հաղորդում է Թուրքիայի պետական Anadolu լրատվական գործակալությունը։
Անկարայում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել խաղաղության հաստատմանն ուղղված դիվանագիտական ջանքերին, գրում է Turkish Minute-ը։
«Պատերազմը, որն արդեն բազմաթիվ անմեղ կյանքեր է խլել և լայնածավալ ավերածություններ է առաջացրել, պետք է ավարտվի հիմա»,– ասել է Էրդողանը՝ ընդգծելով, որ խաղաղությունը չի կարող պարտվող ունենալ, և աշխարհը սպասում է պատերազմի ավարտին։
Նրա հայտարարությունը հնչել է այն պահին, երբ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում տեղի են ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի պաշտոնյաների բարձր մակարդակի հանդիպումները․ սա նրանց առաջին ուղիղ բանակցություններն էին 2022 թվականի փետրվարին պատերազմի սկսվելուց հետո։ Կողմերը համաձայնել են շարունակել քննարկումները՝ պատերազմին վերջ դնելու և դիվանագիտական հարաբերությունները բարելավելու նպատակով։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը ցանկանում է ստանալ անվտանգության երաշխիքներ ԱՄՆ-ից, Եվրոպական միությունից և Թուրքիայից։ Այս մասին նա հայտնել է Անկարայում երկրի նոր դեսպանատան շենքի բացման արարողության ժամանակ։Նախագահը նաև ուշադրություն է հրավիրել Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման կարևորության վրա։