19 փետրվարի 2025 - 14:38 AMT
Գալջյան․ Վարորդները պարտավոր են հետևել, որ ուղեվարձը վճարվի միայն օրենքով սահմանված կարգով

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վարորդները պարտավոր են հետևել, որ ուղևորավարձը վճարվի միայն օրենսդրությամբ սահմանված կարգով։

Նա նաև տեղեկացրել է, որ տարեց ուղևորին դուրս հրավիրած վարորդը նկատողություն է ստացել՝ բարեվարքության կանոնները խախտելու համար։

«Օրեր առաջ ավտոբուսում միջադեպ էր տեղի ունեցել, երբ վարորդը տարեց մարդուն մի փոքր կոշտ ձևով դուրս էր հրավիրել, քանի որ նա երթևեկում էր առանց վճարի։ Կանխավարկած կար, որ պապիկն ունի 2-րդ կարգի հաշմանդամություն և կարող է անվճար երթևեկել, սակայն դեռ չէր ստացել իր արտոնությունը՝ միգուցե տեղյակ չլինելու կամ ընթացակարգը չիմանալու պատճառով։

Մենք գտանք այդ մարդուն, և հաշմանդամության կարգի հաստատումից հետո նրան տրամադրեցինք տարեկան անվճար փաթեթ, որով նա կարող է անսահմանափակ օգտվել ավտոբուսից, մետրոյից և տրոլեյբուսից։

Շնորհակալություն Էրեբունի վարչական շրջանի ղեկավար` Հակոբ Բալայանին, այս հարցն արագ և պատշաճ լուծելու համար:

Հարգելի քաղաքացիներ, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները պարտավոր են հետևել, որպեսզի ուղևորների կողմից ուղևորավարձը վճարվի միայն օրենսդրությամբ սահմանված կարգով: Նման միջադեպերից խուսափելու համար խնդրում ենք պահպանել Երևանի ավագանու որոշման դրույթները»,–ասվում է գրառման մեջ։

Չնայած այս ամենին՝ հավելեմ, որ վարորդը ստացել է նկատողություն՝ բարեվարքության կանոնները խախտելու համար։

Փետրվարի 11–ին Երևանի ավագանին մերժել է ընդդիմության առաջարկը, որով նախատեսվում էր պահպանել մեկանգամյա 100 դրամ արժողությամբ տրանսպորտային ուղեվարձը։

Փետրվարի 1-ից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև երիտասարդական շարժումներ պայքարում են տրանսպորտի թանկացման դեմ՝ մարդկանց հորդորելով վճարել հարյուր դրամ։

Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։ Հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերած 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն: