Եվրամիությունն այլևս չի կարող ապավինել ԱՄՆ-ին ընդհանուր շահերը պաշտպանելու հարցում և պետք է իր ձեռքը վերցնի իր պաշտպանությունն ու անվտանգությունը։ Այդ մասին ասվում է Եվրախորհրդարանի խոշորագույն խմբակցությունների հայտարարության մեջ, որը հրապարակվել է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունների ֆոնին։
«Հաշվի առնելով վերջին հայտարարություններն ու իրադարձությունները, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և ՌԴ ներկայացուցիչների միջև տեղի ունեցած նախնական բանակցությունները, վերջին քաղաքական զարգացումները պարզ վկայում են, որ ԵՄ-ն և անդամ երկրները, ցավոք, այլևս չեն կարող ամբողջությամբ ապավինել ԱՄՆ-ի կառավարությանն ընդհանուր արժեքներն ու շահերը պաշտպանելիս, սակայն ԵՄ-ն պետք է իր ձեռքը վերցնի դրանց պաշտպանությունն ու անվտանգությունը»,- ասված է փաստաթղթում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Փաստաթղթում ընդգծվում է նաև, որ անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել ռազմական ծախսերի ավելացման և օպտիմալացման ուղղությամբ։
«Անհրաժեշտության դեպքում ԵՄ-ի հասանելի գործիքների շրջանակում առկա բոլոր լուծումները, ներառյալ՝ բացառիկ հանգամանքների դեպքում, պետք է օգտագործվեն ԵՄ-ի զսպող կարողությունները և ռազմավարական ինքնավարությունն ուժեղացնելու համար», - ասված է փաստաթղթում։
Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները պայմանավորվել են վերականգնել դեսպանատների լիարժեք աշխատանքը Մոսկվայում և Վաշինգտոնում։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև բանավեճը ավելի է սրվել այն բանից հետո, երբ Թրամփը Զելենսկուն անվանել է «բռնապետ»։
Թրամփի քննադատությունը հաջորդել է Զելենսկու ավելի վաղ արված հայտարարությանը, որտեղ ուկրաինացի առաջնորդն ասել էր, որ Թրամփն ընկել է Ռուսաստանի «խեղաթյուրված տեղեկատվության տարածության» մեջ։ Սա հետևել է Թրամփի պնդմանը, թե Զելենսկու նախագահությունը ոչ լեգիտիմ է, քանի որ Ուկրաինայում ընտրություններ չեն անցկացվել։