Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել է, որ նոր սահմանադրության մշակման շրջանակում կառավարման համակարգի փոփոխություն նախատեսված չէ։ Նրա խոսքով՝ այժմ աշխատանքները կենտրոնացած են ոչ թե նոր հայեցակարգի, այլ սահմանադրության նոր տեքստի ձևավորման վրա։
«Պետք է ամեն ինչ անել, որ սահմանադրության նոր նախագծի տեքստը պատրաստ լինի մինչև նոր ընտրությունները»,- ասել է նա, հայտնում է Radar.am-ը։
Նա հավելել է, որ դրանից հետո արդեն կորոշվի հանրաքվեի դնելու հարցը։ Գալյանը նաև շեշտել է, որ սահմանադրության տեքստի մասին մեկնաբանություններ չի անի։
«Դա կվերապահենք համապատասխան հանձնաժողովին»,–ասել է նա։
Նախարարը հավելել է, որ հնարավոր են որոշակի հստակեցումներ ընտրակարգի մասով՝ հիմնվելով համամասնական ընտրակարգի վրա և բացառելով մեծամասնական տարրերի առկայությունը։
«Սա ենթադրում է ոչ միայն սահմանադրության փոփոխություն, այլև ԱԺ կանոնակարգում փոփոխություններ»,–ասել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով «Իրական Հայաստան» գաղափարախոսության դրույթները, ասել է, որ էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը։ Վարչապետն ընդգծել է, որ համաժողովրդական հանրաքվեի միջոցով նոր Սահմանադրության ընդունումը կարևոր է, քանի որ նախկին հանրաքվեների նկատմամբ առկա է լեգիտիմության լուրջ պակաս՝ հանրային ընկալման տեսանկյունից: