20 փետրվարի 2025 - 14:19 AMT
Օհանյան․ ՀՀ և Ադրբեջանի միջև հակամարտությունը ոչ միայն չի ավարտվել, այլև խորացել է

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշել է, որ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա, եթե կառավարման համակարգում փոփոխություններ նախատեսված չեն։ Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այդ հարցի վերաբերյալ թուրք-ադրբեջանական տանդեմի պարտադրանքի արդյունք է, հայտնում է Panorama.am-ը։

Օհանյանի համոզմամբ, ՀՀ և Ադրբեջանի միջև հակամարտությունը ոչ միայն չի ավարտվել, այլև խորացել է:

Նա նշել է, որ Փաշինյանի հայտարարությունը բխում է Ադրբեջանի պահանջները բավարարելու տրամաբանությունից, քանի որ Բաքուն մշտապես փորձում է հայկական կողմին նոր պահանջների և սահմանափակումների առաջ կանգնեցնել։

Ընդդիմադիր գործիչը ընդգծել է, որ պետք է շարունակել պայքարը մեր ինքնության և Արցախի վերադարձի համար։

«Հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև չի ավարտվել, ընդհակառակը՝ խորացել է։ Ադրբեջանն իրականացնելով ցեղասպանություն՝ ամբողջությամբ հայաթափեց Արցախն ու այսօր էլ հանցագործ պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը Բավքում դատում է ինքնորոշված, օրինական ընտրված Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը, մեր մարտական ընկերներ գերիներին։ Թատերականացված բեմականացում է, կեղծ է, ցավում եմ, որ Հայաստանի իշխանություններն այդ ուղղությամբ ոչինչ չեն անում։ Պետք է ամեն ինչ արվի ցեղասպան, հանցագործ Ադրբեջանն իր պատիժը ստանա»,- ասել է նա։

Օհանյանը նաև նշել է, որ Արցախի Հանրապետության իշխանության բոլոր ինստիտուտները պետք է շարունակեն գործել՝ ապահովելով Արցախի ժողովրդի հավաքական պահպանման և հետագայում Արցախ վերադարձի հնարավորությունները։

Արցախյան շարժման 37-ամյակի առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել Բագրատ Սրբազանը, ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները և Արցախի ԱԺ պատգամավորները։