«Նևրոզ» անվամբ առավել հայտնի նևրոտիկ խանգարումները հաճախ զարգանում են սթրեսային կամ հոգեբանական տրավմայի հետևանքով։ Դրանք կարող են առաջանալ կյանքի տարբեր իրավիճակներում՝ ընտանեկան կամ աշխատանքային բարդություններից մինչև ֆինանսական դժվարություններ, միջանձնային լարված հարաբերություններից մինչև սիրելիի կորուստ և այլն։
Չնայած այն հանգամանքին, որ նևրոտիկ խանգարումները հոգեկան առողջության խնդիրների մեջ ամենատարածվածներից են, մարդիկ հազվադեպ են դիմում մասնագիտական բուժօգնության։ Այդ մասին ասվում է ԱՆ հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով խորհրդատու Գևորգ Փաշիկյանի հոդվախում։
Հիվանդության հիմնական ախտանիշներն են՝ հաճախակի տագնապ, վախի կամ խուճապի զգացում, կպչուն մտքեր, վախեր կամ տհաճ հիշողություններ, ֆիզիկական և հոգեկան հյուծվածություն, հաճախ՝ քրոնիկական հոգնածություն, դյուրագրգռություն, հուզական անկայունություն, հույզերի վերահսկման դժվարություն, ճանաչողական խանգարումներ, մասնավորապես՝ հիշողության թուլացում, կենտրոնանալու խնդիրներ և նոր տեղեկություն յուրացնելու դժվարություն, սոցիալական շփումների դժվարություն, քնի խանգարումներ, ինքնագնահատականի նվազում:
Բացի հոգեբանական դրսևորումներից, նևրոտիկ խանգարումները գրեթե միշտ ուղեկցվում են մարմնական և վեգետատիվ ախտանիշներով՝ գլխացավ, գլխապտույտ, ականջներում աղմուկ, հավասարակշռության խանգարումներ, սրտխփոց և կրծքավանդակի սեղմող ցավ, զարկերակային ճնշման տատանումներ, հիմնականում՝ բարձրացում, օդի պակասի զգացողություն, հևոց, կոկորդում օտար մարմնի զգացում, անհասկանալի տեղակայմամբ ցավեր, թուլություն, գերքրտնություն, դող, սեռական ֆունկցիայի թուլացում, հաճախամիզություն, մարսողական համակարգի խանգարումներ:
Որոշ դեպքերում վերոնշյալ ախտանիշներից կարող են արտահայտվել միայն մեկ կամ մի քանիսը։
Թեև նևրոտիկ խանգարումները կյանքի համար վտանգավոր չեն, դրանք կարող են էապես նվազեցնել կյանքի որակը։ Սակայն, եթե հիվանդությունը ժամանակին և համապատասխան բուժում ստանա, հնարավոր է լիարժեք վերականգնում։
Խնդիրը անտեսելու կամ ինքնաբուժմամբ զբաղվելու դեպքում մեծանում է այն քրոնիկացնելու վտանգը, ինչը կարող է հետագայում ավելի լուրջ հետևանքներ ունենալ։