Կառավարությունը հավանություն է տվել «Տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Որոշումը նպատակ ունի օրենքով օժտել կառավարությանը լիազորությամբ՝ հաստատելու աջակցության ծրագրեր՝ ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի ոլորտներում ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացման նպատակով նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաև ծավալները ավելացնելու համար։
Որոշման ընդունմամբ կընդլայնվեն կառավարության լիազորությունները՝ ֆինանսական աջակցության տարբեր գործիքակազմերով խթանելու ՀՀ–ում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտում նոր տրանսպորտային միջոցների ներգրավմանը, ոլորտում ծավալային ցուցանիշների բարելավմանը։
Օրենքի նախագծի ընդունումը կառավարությանը հնարավորություն կտա տրանսպորտի առանձին տեսակներով փոխադրումներ իրականացնող կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների գործունեությանը աջակցելու նպատակով իրականացնել տարաբնույթ աջակցության ծրագրեր, որոնք կխթանեն տրանսպորտային պարկի թարմացմանը, կբարձրացնեն ոլորտում մատուցվող ծառայությունների որակը, կնպաստեն տրանսպորտային համակարգի զարգացմանը և հանրապետության բնակչության շարժունակության բարելավմանը։