20 փետրվարի 2025 - 18:41 AMT
Մաչավարիանի. ՌԴ–ն մասնակցում է «3+3»–ին՝ չենք պատրաստվում նրա հետ նույն սեղանի շուրջ նստել

«Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Լևան Մաչավարիանին հայտարարել է, որ «3+3» ձևաչափում ներգրավված է Ռուսաստանը, և այդ պայմաններում Վրաստանը չի պատրաստվում նստել նույն սեղանի շուրջ ՌԴ հետ։

Նա այդպես է արձագանքել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն խոսքին, որ «Վրաստանի ներկայացուցիչների համար միշտ տեղ կլինի «3+3» ձևաչափի նիստերի դահլիճում», գրում է Apsny.ge-n:

Մաչավարիանիի խոսքով՝ այս թեմայով քննարկում չի եղել։

«Ռուսաստանը ներգրավված է «3+3» ձևաչափում, օկուպացրել է մեր տարածքները, և, իհարկե, այդ պայմաններում մենք չենք պատրաստվում նստել Ռուսաստանի հետ որևէ սեղանի շուրջ։ Մենք չունենք ո՛չ դիվանագիտական հարաբերություններ, ո՛չ էլ որևէ այլ տեսակի կապեր։ Նախ պետք է լուծենք մեր տարածքային ամբողջականության հարցը, և միայն դրանից հետո հնարավոր կլինի քննարկել որևէ ձևաչափի հարցը», – նշել է պատգամավորը։

Բացի այդ, Մաչավարիանին անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասին։ Պատգամավորը նշել է, որ «համաձայն է Թրամփի հետ, որ Զելենսկին կարող էր խուսափել պատերազմից Ռուսաստանի հետ»։

«Ես չեմ կարող գնահատել՝ արդյոք Զելենսկին դիկտատոր է, թե ոչ, դա ինձ չէ վերաբերում։ Սակայն ես համաձայն եմ պարոն Թրամփի հետ, որ Զելենսկին կարող էր խուսափել այս պատերազմից։ Թրամփն արդեն բացահայտ ասում է, որ Ուկրաինան կարող էր խուսափել, պարզապես Զելենսկուն քաջալերում և դրդում էին այսպես կոչված «մեծ տղաները»։ Նա պետք է խուսափեր այս պատերազմից», – ասել է Մաչավարիանին։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Վրաստանի համար դռները շարունակում են բաց մնալ տարածաշրջանային «3+3» ձևաչափի շրջանակներում, և նրա տեղը բանակցությունների սեղանի շուրջ միշտ հասանելի է։Նախարարը նաև ընդգծել է, որ Վրաստանի ներկայիս ղեկավարությունը առաջնորդվում է ազգային շահերով։