ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի պատգամավոր, պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել՝ ընդգծելով Բաքվում անցկացվող դատավարությունների լրջագույն խախտումները և դրանց անարդար բնույթը։ Նա կոչ է արել ԵԱՀԿ ԽՎ-ին մոնիտորինգային առաքելություն ուղարկել՝ դիտարկելու հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ ընթացող գործընթացները։
Գալստյանը իր խոսքում նշել է, որ հայ ռազմագերին Բաքվում դատում են որպես ահաբեկիչների սոսկ հայ լինելու պատճառով:
«Իմ խորը մտահոգությունն եմ փոխանցում Բաքվում գերեվարված հայ ռազմագերիների, այդ թվում՝ Արցախի ռառմաքաղաքական ղեկավարության պատանդառության առնչությամբ։ Նրանք 2023 թ. սեպտեմբերին տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի զոհերն են․ ագրեսիա, որի արդյունքում 120,000 էթնիկ հայեր բռնի տեղահանության ենթարկվեցին։
Մեր բոլորի անհետաձգելի ուշադրությունն և վերաբերմունքը պետք է ուղղել 2025-ի հունվարին Բաքվում մեկնարկած դատավարությունների ուղղությամբ, որոնք լրջագույն հարցականի տակ են դնում արդար դատավարություն իրականացնելու Բաքվի կամքը։ Հակառակ այն իրողության, որ Ադրբեջանն անդամակցում է Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիային և Քաղաքական և Քաղաքացիական իրավունքների Միջազգային խարտիային, ընթացող դատավարությունները մի շարք լրջագույն խախտումներ են արձանագրում։
-Անառարկելի փաստեր են ի հայտ եկել, որ կալանավորվածները կտտանքների են ենթարկվում։ Նրանց դատում են որպես ահաբեկիչների սոսկ հայ լինելու հանգամանքով։
-Հակառակ բաց դատավարության մասին Բաքվի հայտարարության՝ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ լրատվամիջոցների մուտքը արգելված է։
-Հայտնի հումանիստ Ռուբեն Վարդանյանին, ով երբեք զինվորական կենսագրություն չի ունեցել, դատում են ռազմական դատարանում, իսկ նրան ներկայացվող մեղադրանքը մոտենում է 200 տարվա դատապարտման։ Նրան իր մեղադրանքին ծանոթանալու խիստ սահմանափակ հնարավորություն է տրվել։
Ելնելով այս իրողություններից, ես պաշտոնապես առաջարկում եմ, որպեսզի ԵԱՀԿ ԽՎ-ն դիտորդական առաքելություն իրականացնի՝ դիտարկելու այս դատավարությունները։
Այն կծառայի հետևյալ նպատակներին՝
-Համոզվելու, թե որքանով է դատավարությունը համապատասխանում միջազգային իրավական չափանիշներին,
-Կապահովի դատական գործընթացների թափանցիկությունը,
-Կարտահայտի միջազգային հանրության հավատարմությունը Մարդու իրավունքներին
-Կահազանգի, որ մարդու իրավունքների ոտնահարումը չի կարող անհետևանք մնալ
ԵԱՀԿ ԽՎ միջամտությունը հստակ ազդանշան կլինի, որ միջազգային հանրությունը չի լռելու, իսկ Ադրբեջանը պիտի հաշվետու լինի իր գործողությունների համար»,-ասել է Գալստյանը։
2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում մեկնարկել է Արցախի ղեկավարների գործով դատավարությունը։