ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը և ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին փետրվարի 21–ին տեղի ունեցած հանդիպմանը խոսել են անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում կիրառվող համագործակցության ճկուն մեխանիզմների մասին, որոնք հնարավորություն են տվել արագ փոխանակել տեղեկատվություն և արդյունավետորեն արձագանքել քրեաիրավական ոլորտում ծագող հրատապ խնդիրներին։
Հանդիպման ընթացքում Արթուր Պողոսյանը կարևորել է ՀՀ ՔԿ-ի և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան միջև ձևավորված փոխգործակցության բարձր մակարդակը՝ հատկապես միջազգային-իրավական համագործակցության ոլորտում։
Իր հերթին՝ Մեհդի Սոբհանին շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար՝ ընդգծելով երկու երկրների միջև առկա բազմաբնույթ հարաբերությունների կարևորությունը։ Նա առանձնահատուկ նշել է Քննչական կոմիտեի և դեսպանատան համատեղ ջանքերը՝ ուղղված տարբեր խնդիրների լուծմանը։
Զրույցի ընթացքում քննարկվել են նաև քրեական վարույթներով անցնող քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև քննչական հարցումների կատարման օպերատիվության բարձրացման հարցերը։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու արդարադատության ոլորտում համագործակցությունը՝ փոխադարձ ջանքերով ապահովելով արդյունավետ փոխգործակցություն։