22 փետրվարի 2025 - 15:43 AMT
Reuters. ԱՄՆ-ն կարող է անջատել Ուկրաինայի հասանելիությունը Starlink-ին

ԱՄՆ-ն քննարկում է Ուկրաինային արբանյակային ինտերնետից՝ Starlink-ից, զրկելու հնարավորությունը, եթե Կիևը չհաստատի հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիրը: Reuters-ի տվյալներով՝ այս հարցով Վաշինգտոնը բանակցություններ է վարում Ուկրաինայի ղեկավարության հետ:

Հրապարակման մեջ պարզաբանված չէ՝ խոսքը վերաբերում է Ուկրաինայի տարածքում Starlink-ի ամբողջական անջատմանը, թե միայն Պենտագոնի կողմից ֆինանսավորման դադարեցմանը, գրում է «Էխո Կավկազա»–ն։

Ներկայումս ծառայության ծախսերը վճարվում են ԱՄՆ պաշտպանության նախարարության բյուջեից։ Bloomberg-ի գնահատականներով՝ այս պայմանագրի արժեքը կազմում է մոտ 2․3 միլիոն դոլար ամսական։

ԶԼՄ-ի աղբյուրների համաձայն՝ Վաշինգտոնը Starlink-ի անջատման սպառնալիքը դիտարկում է որպես Կիևի վրա ճնշում գործադրելու միջոց՝ համաձայնագրի հաստատումն ապահովելու նպատակով։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն մերժել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի առաջարկած առաջին տարբերակը։

Axios-ը, վկայակոչելով անանուն աղբյուրների, գրում է, որ ԱՄՆ և Ուկրաինայի պաշտոնյաները շարունակում են ինտենսիվ բանակցությունները՝ հանքային ռեսուրսների շուրջ համաձայնագրի վերջնականացում ապահովելու և երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացումը կանխելու համար։ The Wall Street Journal-ի տվյալներով՝ պայմանագիրը կարող է ստորագրվել արդեն այսօր, սակայն դրա մանրամասները դեռևս պաշտոնապես չեն հրապարակվել։

ԱՄՆ-ն առաջին անգամ հրաժարվել է համահեղինակ դառնալ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձևին։ Փոխարենը Վաշինգտոնը ներկայացրել է սեփական տարբերակը, որտեղ Ռուսաստանի հասցեին մեղադրանքներ չկան։ Փաստաթղթում ցավ է արտահայտվում մարդկային կորուստների կապակցությամբ «ռուս-ուկրաինական հակամարտությունում» և կոչ է արվում հնարավորինս արագ դադարեցնել ռազմական գործողությունները։