22 փետրվարի 2025 - 16:22 AMT
Շվեդ պատգամավոր․ ՀՀ անդամակցումը ԵՄ–ին ձեռնտու կլինի և Երևանին, ևլ Բրյուսելի

Շվեդ խորհրդարանական Էրիկ Հելսբորնը բարձր է գնահատել Հայաստանի՝ Եվրոպական միությանը միանալու գործընթաց սկսելու վերաբերյալ խորհրդարանի որոշումը՝ համոզմունք հայտնելով, որ այն շահավետ կլինի ինչպես Երևանի, այնպես էլ Բրյուսելի համար, հայտնում է Արմենպրեսը։

Նա շեշտել է, որ սա կարևոր և դրական որոշում է։ Հելսբորնը նշել է, որ ԵՄ-ին անդամակցելու ուղին երկար և բարդ է։

«Սա շատ դրական է։ Ես խորապես հավատում եմ, որ Հայաստանի ապագան ժողովրդավարական Արևմուտքի հետ է։ Իհարկե, Եվրոպական միության անդամ դառնալու ճանապարհը երկար է՝ բարձր պահանջներով, ինչպես որ պետք է լիներ։ Սա մեծ քայլ է և ճիշտ ուղղություն է: Կարծում եմ, որ այն շահավետ կլինի և՛ Հայաստանի, և՛ Եվրոպական միության համար»,-նշել է շվեդ պատգամավորը։

Փետրվարի 12–ին ՀՀ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։