Պարգևատրական զենքերի նկատմամբ սահմանվում են առավել խիստ և հստակ կարգավորումներ, որոնց չենթարկվող զենքերը ենթակա են լինելու ներկայացման ոստիկանություն, հայտնում է Factor.am-ը։
Ներքին գործերի նախարարությունը մշակել և շրջանառության մեջ է դրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող նախագիծ, որը վերաբերում է նաև պարգևատրական զենքերին։
Օրինագծի նպատակներն են․ սահմանել հստակ չափանիշներ պարգևատրական զենքերի հատկացման գործընթացում՝ բացառելով երկակի մոտեցումները և անկանխատեսելի իրավիճակները, բարձրացնել հանրային անվտանգության մակարդակը, ապահովել պարգևատրական զենքերի կարգավորման իրավական հստակեցում։
Նախագծով առաջարկվում է․
▪️ պետության համար անկանխատեսելի և երկակի մոտեցումներ նախատեսող կարգավորումների ուժով պարգևատրված բոլոր անձանց տալ ժամկետ՝ մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը, որպեսզի նրանք ներկայացնեն իրենց պարգևատրական զենքերը Ոստիկանություն։ Սահմանված ժամկետում զենքի հանձնումը որևէ բացասական հետևանք չի առաջացնի, ներառյալ՝ քրեաիրավական։
▪️ թույլատրել միայն այն անձանց պահպանել զենքերը, որոնք բավարարում են նախատեսված չափանիշներին։
▪️ պահպանել պարգևատրման ինստիտուտի գործող չափորոշիչները, որոնց համաձայն պարգևատրումը կարող է կատարվել միայն ՀՀ Վարչապետի որոշմամբ։
▪️ ստեղծել իրավական հնարավորություն, որպեսզի Ոստիկանություն ներկայացված, առգրավված կամ վերադարձված պարգևատրական զենքերը օգտագործվեն գիտակրթական կամ մշակութային նպատակներով։
«Նախագծի հիմքում հանրության անվտանգության ապահովման և հանրային շահի գերակայության ՆԳՆ հանձնառությունն է»,- ասված է հիմնավորման մեջ մեջ։