24 փետրվարի 2025 - 11:05 AMT
Մայիսին կօծվի Մինսկի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

Բելառուսի մայրաքաղաքի հայ համայնքն առաջիկա տարում կունենա իր եկեղեցին, որի օծման արարողությանը կմասնակցեն բարձրաստիճան հոգևոր և պետական գործիչներ:

Մինսկում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին կբացվի 2025 թվականի մայիսին։ Այդ մասին հայտնել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը՝ Մարտական փառքի կենտրոնի՝ մարշալ Հովհաննես Բաղրամյանի թանգարանի բացման ընթացքում։

Օծման պաշտոնական օրը կորոշվի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, ով ներկա կլինի արարողությանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, հայտնում է Sputnik Արմենիան։

Ավելի վաղ, Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը նշել էր, որ եկեղեցու կառուցումն այն ծրագրերից է, որոնք արտացոլում են բելառուս և հայ ժողովուրդների իրական կապերը՝ ի հակադրություն Երևանի ներկայացուցիչների կողմից բելառուսական իշխանությունների հասցեին հնչեցված քննադատությունների։

Մինսկում բնակվում է մոտ 30 հազար հայ։