25 փետրվարի 2025 - 14:02 AMT
Եղոյան. ԵՄ-ում կա կոնսենսուս` ՀՀ անվտանգությունը դիտարկվում է որպես եվրոպական ընտանիքի անվտանգության մաս

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի չորրորդ նիստի բացման ընթացքում կարևորել է Հայաստանի համար Եվրոպական խաղաղության գործիքակազմից աջակցություն ստանալու հանգամանքը։

«Եվ այստեղ խոսքը ոչ միայն հարցի ֆինանսական կողմի մասին է, այլ՝ հարցի քաղաքական կողմի։ Գիտեք, թե ինչ դեբատներ են այսօր տեղի ունենում եվրոպական քաղաքական ընտանիքում, թե ինչ և ինչպես պիտի անի Եվրամիությունն անվտանգության քաղաքականության մեջ, եվրոպական անվտանգության ճարտարապետության մեջ և ահա խաղաղության գործիքակազմից Հայաստանին աջակցություն տրամադրելը ցույց տվեց, որ այս հարցում ԵՄ-ում կա կոնսենսուս, որ ՀՀ անվտանգությունը դիտարկվում է որպես եվրոպական ընտանիքի ընդհանրապես անվտանգության մի մաս:

Դա, իսկապես, այդպես է, որովհետև որևէ անկայունություն, որ սկսվել է ԵՄ սահմանների մոտ, նախ սկսվել է մեր տարածաշրջանից։ Մենք դա արդեն տեսել ենք մեկ անգամ և կարծում եմ, որ ԵՄ-ն թույլ չի տա դա կրկնվի ևս մեկ անգամ»,- ասել է Եղոյանը, հայտնում է Aysor.am-ը։

Եղոյանը նշել է, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները դուրս են գալիս առկա իրավապայմանագրային շրջանակներից։

«Ես լիահույս եմ, որ մի քանի տարվա ընթացքում վիզաների ազատականացումը արդեն կլինի իրողություն»,–ասել է նա։

Նա նաև կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանի տարածքում՝ հայ-ադրբեջանական սահմանին՝ նշելով, որ այն կարևոր դեր ունի տարածաշրջանում կայունության պահպանման հարցում։

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսն իր հերթին ասել է, որ ԵՄ–ն ու ՀՀ–ն երբեք այսքան սերտ կապեր չեն ունեցել։

Ուշակովսը ողջունել է Հայաստանի խորհրդարանի կողմից Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի ընդունումը, հայտնում է Արմենպրեսը։

«Ճշմարտությունն այն է, որ Եվրոպական միությունը և Հայաստանը երբեք այսքան սերտ հարաբերություններ չեն ունեցել: Մեր հարաբերությունները հիմնված են ամուր հիմքերի վրա, համատեղ հանձնառությունների վրա՝ ժողովրդավարություն, օրենքի գերակայություն և մարդու իրավունքների նկատմամբ հարգանք: Մենք հավատում ենք ժողովուրդների, պետությունների իրավունքին՝ ընտրել իրենց ապագան»,–ասել է նա։

Նա նաև հիշեցրել է, որ Եվրոպական խորհրդարանը հստակ արտահայտել է իր աջակցությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացմանը, սակայն շեշտել է, որ հետագա զարգացումները կախված են նաև Հայաստանի ընտրությունից՝ ինչ ձևաչափով է այն ցանկանում կառուցել իր կապերը ԵՄ-ի հետ։

«Ակնհայտ է, որ ԵՄ-ին անդամակցության ցանկացած դիմում կներկայացվի և կդիտարկվի՝ ըստ պահանջների, ըստ առաջնահերթության և ըստ չափորոշիչների»,- նշել է եվրոպացի պատգամավորը՝ ընդգծելով, որ կարևոր է նաև խուսափել ոչ իրատեսական սպասումներից։

Փետրվարի 12–ին ՀՀ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։