Երևանում կայացած ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ընթացքում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026–ի ընտրութունները։
Նա նշել է, որ ժողովրդավարության ու օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ մի շարք քայլեր են իրականացվում, որոնք հիմնականում ներառում են չորս հիմնական ուղղություն, հայտնում է Panorama.am-ը։
Նա ընդգծել է, որ այդ քայլերից մեկը սահմանադրական բարեփոխումների իրականացումն է, որը ներկայումս ընթացքի մեջ է։
«Գործում է համապատասխան խորհուրդը, կազմված է Սահմանադրության հայեցակարգը, այժմ աշխատում ենք Սահմանադրության նոր տեքստի վրա, որը, ըստ ստանձնած հանձնառության, պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունները»,– ասել է նախարարը։
Սրբուհի Գալյանը հավելել է, որ նոր Սահմանադրությունն ընդգծելու է մարդու իրավունքները, այդ թվում՝ սոցիալ-տնտեսական իրավունքները, ինչպես նաև պարունակելու է մի շարք դրույթներ կառավարման համակարգի, տարբեր պետական մարմինների գործառույթների և դերի վերաբերյալ։
«Իհարկե, նաև բազմաթիվ կարգավորումներ կան»,– նշել է նա։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով «Իրական Հայաստան» գաղափարախոսության դրույթները, շեշտել էր նոր Սահմանադրության ընդունման կարևորությունը։ Վարչապետն ընդգծել է, որ համաժողովրդական հանրաքվեի միջոցով նոր Սահմանադրության ընդունումը կարևոր է, քանի որ նախկին հանրաքվեների նկատմամբ առկա է լեգիտիմության լուրջ պակաս՝ հանրային ընկալման տեսանկյունից:
Փաշինյանը նշել է, որ նոր Սահմանադրության գլխավոր նպատակն է հեռանալ «պետականազուրկ ազգի մնացորդային գործելակերպից և ձևավորել պետականակերտ ժողովրդի գործելակարգ»՝ հիմնված սահմանադրական համերաշխության և ժողովրդավարական մասնակցության վրա: