25 փետրվարի 2025 - 15:01 AMT
Մարագոս․ ԵՄ-ն աջակցում է Հարավային Կովկասում տրանսպորտային կապերը բացելու տեսլականին

Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն Ազգային ժողովում ընթացող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ հայտարարել է, որ Եվրամիությունն աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության բացման գաղափարին՝ առաջնորդվելով երկրների ինքնիշխանության և ազգային իրավասությունների սկզբունքով։

Դեսպանը հիշեցրել է, որ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատը երկարաձգվել է ևս երկու տարով։ Նա նաև նշել է, որ ԵՄ-ն անցյալ ամռանը որոշում է ընդունել աջակցել Հայաստանին խաղաղության եվրոպական գործիքի շրջանակում, հայտնում է Արմենպրեսը։

«Մենք նաև ներգրավում ենք Հայաստանի ղեկավարությանը անվտանգության երկխոսություններում»,– ընդգծել է Մարագոսը։

Դեսպանն անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման գործընթացին։

«Մենք փորձում ենք գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ՝ հաշվի առնելով կապակցվածության, հումանիտար խնդիրները, խաղաղության համաձայնագրի հետ կապված քննարկումները։ ԵՄ-ն նաև աջակցում է տեսլականին՝ բացելու տարածաշրջանային տրանսպորտային կապերը համապատասխան երկրների ինքնիշխանության և ազգային իրավասության ներքո։ Մեր տեսլականում է նաև «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը»,-ասել է նա։

Մարագոսը նաև ընդգծել է, որ ԵՄ-ն Հայաստանի կողքին է կանգնել այն պահից, երբ Լեռնային Ղարաբաղից հայերը բռնի տեղահանվեցին։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը տրամադրել է մոտ 100 միլիոն եվրո, որն ուղղվել է ոչ միայն առաջնային կարիքների բավարարմանը, այլև տեղահանվածների իրավունքների պաշտպանության ապահովմանը։

Նա անդրադարձել է նաև օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության կարևորությանը։

«Մենք գնահատում ենք, որ Հայաստանը շարունակում է իր հանձնառությունը, թեպետ տարածաշրջանում շատ բարդ պայմաններ են»,– նշել է Մարագոսը։

Դեսպանը խոսել է վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքների մասին՝ ընդգծելով դրա կարևորությունը։

«Սա շատ կարևոր նախաձեռնություն է, որը կարող է դառնալ կատալիզատոր առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի, ինչպես նաև կանաչ և թվային անցումների շրջանակում հետագա համագործակցության համար»։

Փետրվարի 12–ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։